Եվրախորհրդարանի դատապարտող բանաձևն ընդունվել է` ի հեճուկս ադրբեջանական հակաքարոզչության
Րոպեներ առաջ Եվրոպական խորհրդարանի պլենար նիստում պատգամավորների ճնշող մեծամասնությամբ հաստատվել է Ադրբեջանին արտահանձնված ու վերջինիս իշխանությունների կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ կապված հարցի դատապարտող բանաձևը (բանաձևի նախագիծը՝ այստեղ, հաստատված բանաձևը դեռևս չի հրապարակվել Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում - Tert.am): Այս մասին Tert.am –ին հայտնեց Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Դատապարտում են Ադրբեջանի գործողությունները և ամբողջովին արտահայտում են Եվրոպական խորհրդարանի միասնական մտահոգությունները՝ Ադրբեջանի գործողությունների հետ կապված: Եվ այսօր մենք արդեն ունենք կարևոր խորհրդարանական մարմնի կողմից դատապարտող բանաձև, այսինքն՝ Եվրամիության բոլոր քաղաքական ուժերի միասնական մոտեցումն այս հարցում»,- մեկնաբանեց Արտակ Զաքարյանը:
Արտակ Զաքարյանը պատասխանելով մեր այն հարցին, թե ԱԺ արտահերթ նիստին խորհրդարանի հայտարարությունն ընդունելիս գնահատականներ հնչեցին, որ մեր դիվանագետները դրսում բացառապես զբաղված են Երևանից ժամանած դիվանագետներին դիմավորելով, ասաց, որ ցանկանում է բանաձևի ընդունման համար իր խորին շնորհակալությունը հայտնել «Ստրասբուրգում աշխատող մեր դիվանագետներին»:
«Սա լավագույն օրինակն է և ապացույցն է այն բանի, որ մեր դիվանագետներն ի զորու են լիարժեք կատարել այն խնդիրները, որոնք բխում են ՀՀ-ի շահերից»,- ամփոփեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ այդ աշխատանքը կատարվել է ի հեճուկս ադրբեջանցիների ծավալած բավականին լայն հակաքարոզչական աշխատանքների:
Հավելենք, որ Այսօր Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակության ղեկավարը Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղարկել էր նամակներ, որով կոչ էր անում դեմ քվեարկել բանաձևին:
Այսօր կեսօրին ԱԺ պատգամավոր Ա.Զաքարյանը համապատասխան նամակով դիմել է Եվրախորհրդարանի բոլոր 752 պատգամավորներին:










