«Հարսնաքարի» գործով դատավորը մտել է խորհրդակցական սենյակ. նոր մանրամասներ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով այսօր մեկնարկած դատական առաջին նիստում ներկա չէր նրա հայրը՝ Գառնիկ Ավետյանը, ով տուժողի իրավահաջորդն է։
Նրա փոխարեն դատարանում այսուհետ հանդես կգա փաստաբան Վահե Գրիգորյանը, ով այսօր ներկայացված միջնորդությամբ ճանաչվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Թե ինչ պատճառաբանությամբ, դատարանի դահլիճում գտնվող լրագրողների համար այնքան էլ պարզ չի եղել, քանի որ, ինչպես արդեն հաղորդել էինք, դռնբաց դատական նիստն ընթանում է լեփ-լեցուն դահլիճում և անցկացվում է առանց բարձրախոսի:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ են նաև փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը:
Դատական նիստի ընթացքում «Հարսնաքարի» գործով անցնող վեց ամբաստանկալներից Նորայր Հայրապետյանի պաշտպանը դատավոր Դավիթ Հարությունյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արթուր Դավթյանի դեմ՝ «նախաքննքության ընթացքում» ոչ օբյեկտիվ ու անաչառ լինելու» հիմքով:
Միջնորդությունը քննարկելու համար Դավիթ Հարությունյանը գնաց խորհրդակցական սենյակ, որտեղից դեռ դուրս չի եկել:
Ի դեպ, երբ դատական նիստի ընդմիջման ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանները դուրս էին եկել դատարանի շենքից և կրկին պատրաստվում էին շենք մտնել, շենքի աշխատակիցները սկսեցին ստուգել նրանց փաստաթղթերը և պայուսակները , այն դեպքում, երբ առանց որևէ փաստաթղթի ներս թողեցին իրենց իսկ ձևակերպմամբ՝ «քրեականի տղաներին»։
Սա առաջացրեց Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի և Վահե Գրիգորյանի վրդովմունքը, ովքեր նախ դժգոհեցին կողմերին տրված անհավասար պայամաններից, ապա հայտարարեցին, որ դատարան չեն մտնի, քանի դեռ քննաչականի տղաները հետ չեն եկել և ցույց չեն տվել իրենց փաստաղթերը:
Քիչ առաջ խորհրդակցական սենյակից դուրս եկավ Դավիթ Հարությունյանը, մերժեց Նորայր Հայրապետյանի միջնորդությունը, սակայն դատական նիստը չվերսկսվեց, քանի որ դատարանի դահլիճում չէին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները։
Դիմելով դահլիճին՝ դատավորը առաջարկեց գնալ, համոզել և դատարանի դահլիճ բերել փաստաբաններին։










