Լիբիայում կատարվածի մեջ ԱՄՆ-ն գրոհայինների է կասկածում

13:03 • 13.09.12

Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումը հետաքննող ամերիկյան պաշտոնատար անձինք հավանական են համարում նախապես ծրագրված բռնության ակտի վարկածը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հարձակվողներն իրենց գործողություններում պրոֆեսիոնալիզմ են դրսևորել, հաղորդում է BBC-ն:

 

Ենթադրվում է, որ լիբիական Բենգազիում տեղի ունեցած հարձակման ետևում կանգնած են զինված «ջիհադիստական խմբավորումները»: Սակայն սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ հարձակումը բողոքի ինքնաբուխ ռեակցիա էր համացանցում հայտնված հակաիսլամական ֆիլմի հանդեպ:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ-ում ահաբեկչությունների 11-րդ տարելիցի օրը, մի խումբ զինված մարդիկ հարձակում էին գործել Եգիպտոսում ու Լիբիայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա, որի հետևանքով Լիբիայում սպանվել էր դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և ևս 3 աշխատակից: Ենթադրվում է, որ նա ծխախեղդ է եղել:


Հակաիսլամական ֆիլմի պատճառով բախումներ են սկսվել Եգիպտոսի անվտանգության ուժերի և ցուցարարների միջև: Ցուցարարների շրջանում նկատվել են մարդիկ, ովքեր իրենց հետ բերել են դյուրավառ հեղուկով շշեր: Ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ: