Լիբիայում ձերբակալվել են ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվողները
Լիբիայի ոստիկանությունը ձերբակալել է սեպտեմբերի 11-ին Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման հավանական մասնակիցներին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Լիբիայի ներքին գործերի փոխնախարար Վանիս աշ-Շարեֆը:
Նրա խոսքով՝ ՆԳ և Արդարադատության նախարարությունները հետաքննություն են սկսել, ինչի արդյունքում էլ կասկածյալները ձերբակալվել են: Սակայն նա հրաժարվել է տեղեկություն տրամադրել ձերբակալվածների թվի վերաբերյալ՝ «քննությանը չխոչընդոտելու համար»:
Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսն ու հյուպատոսության ևս 3 աշխատակից:
Լիբիայի ՆԳՆ անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Աբդելմոն ալ-Հորը հայտարարել է հարձակման գործով հետաքննության անկախ հանձնաժողովի ստեղծման մասին: Ըստ նրա՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված են երկու նախարարությունների ներկայացուցիչները:










