Եվրախորհրդարանում հրապարակվել է Սաֆարովի գործով 9 կետանոց բանաձևը

19:00 • 13.09.12

Եվրոպական խորհրդարանի պլենար նիստում այսօր հրապարակվել է Ադրբեջանին արտահանձնված ու վերջինիս իշխանությունների կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևի տեքստը:

 

Ինչպես հայտնում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքը, բանաձևի տեքստում Եվրոպական խորհրդարանը.


1.
Հայտարարում է, որ Սաֆարովի համաներումն ու նրան մայորի կոչում շնորհելը մեծ հարված է հասցնում արդարադատության և իրավունքի գերակայության հանդեպ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:

 

2. Սաֆարովի հերոսացումը հակասում է մարդու արժանապատվության և արդարադատության սկզբունքներին:

 

3. Գտնում է, որ համաներումը, համահունչ լինելով Դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիայի տառին, հակասում է նրա ոգուն` արժեզրկելով այս կապակցությամբ արված հունգարական կառավարության հավաստիացումները:


4. Ընդունում է, որ Կոնվենցիայի առանցքում ընկած են բոլոր այն պետությունները, որոնք պարտավորություն են ստանձնել հարգանք դրսևորել ադարադատության հաստատման և իրավունքի գերակայության սկզբունքի հանդեպ:

 

5. Կարևոր է համարում, որպեսզի հունգարական իշխանությունները հիմնավորեն իրենց գործողությունների արժանահավատությունը` Ադրբեջանի հանդեպ ձեռնարկելով դիվանագիտական և իրավական քայլեր:

 

6. Կոչ է անում հունգարական իշխանություններին պաշտոնապես տեղեկանալ Կոնվենցիայի 15(գ) հոդվածի կիրարկմանը և, համաձայն 23-րդ հոդվածի, այս մասին ծանուցել Հանցագործությունների հարցերով զբաղվող եվրոպական հանձնաժողովին:

 

7. Կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել տարածաշրջանում իրավիճակի սրացում թույլ չտալու համար:


8. Կոչ է անում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կանխելուն ուղղված ջանքերը և գտնել երկխոսության ճանապարհ հակամարտող կողմերի միջև:

 

9. Հանձնարարում է [Եվրախորհրդարանի] նախագահին սույն բանաձևը փոխանցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, ՀՀ և Ադրբեջանի կառավարություններին և խորհրդարաններին, ԵԽ գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:


Քննարկումից հետո կկայանա քվեարկություն: