ԲՀԿ-ն Ստյոպա Սաֆարյանի տպավորությամբ՝ չունի «նախագահականի» մասին որոշում

15:23 • 13.09.12

Ստյոպա Սաֆարյանը խիստ կասկածում է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» ունենա նախագահի սեփական թեկնածու, ապա ՀԱԿ-ը կպաշտպանի նրան և բացառում է, որ ՀԱԿ-ի թեկնածուին կպաշտպանի «Բարգավաճ Հայաստանը»; Այս մասին այսօր «Ժառանգության» գլխավոր քարտուղարը հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:


Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա կուսակցությունը Ստեփան Սաֆարյանի տպավորությամբ՝ չունի դեռևս վերջնական որոշում նախագահական ընտրություններին մասնակցության ձևի վերաբերյալ:

 

Իսկ պատճառներից մեկն էլ երկրորդ և երրորդ նախագահներից ԲՀԿ-ի շահերի սիտուացիոն տարբերակումն է:



«Եվ, հետևաբար, դժվար է մանևրել դաշտում, որտեղ նկատվում է, պայմանավորված կամ ոչ, բայց ՝ լարվածության աճ»,-նկատեց Ստյոպա Սաֆարյանը:


Սա իրական է, թե թատերականացված ներկայացում, ըստ նրա՝ ցույց կտա ժամանակը:

 

Իսկ ԲՀԿ-ի համար մյուս բարդությունն այն է, որ նրա հնարավոր թեկնածու Վարդան Օսկանյանը «ՀՀ արդարադատությունից» կախյալ վիճակում է:


Ընդդիմության միասնական թեկնածուի հետ կապված բանախոսն առանց անուններ տալու նշեց, որ քաղաքական ուժերը մի փոքր ավելի են գնահատում իրենց միայնակ մասնակցելու հնարավորությունները՝ «հրաշալի գիտակցելով, որ թեկնածուները, որոնք ունեն, այնպիսին չեն, ինչպես իրենք կցանկանային լինել»:


Այս ամենից «Ժառանգության» գլխավոր քարտուղարը եզրակացնում է, որ միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները ժամանակի խնդիր է, «երբ կհասկանան, որ գոնե միմյանց հետ բանակցելը և պայմանավորվածություններ ձեռք բերել փորձելը իրենց անհրաժեշտ է»: Ստեփան Սաֆարյանը հավելեց՝ «անկախ նրանից, թե դրանից ինչ կստացվի:


ՀԱԿ-ԲՀԿ կապերի չխզված վիճակը «Ժառանգության» գլխավոր քարտուղարի դիտարկմամբ՝ խոչընդոտ է ընդդիմության դաշտում բանակցություններ մեկնարկելու և միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու առումով, քանի որ ՀԱԿ-ը դեռևս այդ գործընթացների մեջ ազատ չէ կամ մնում է «իր նախկին ստրատեգիաների հետևորդը»:

 

Ամեն դեպքում, Ստեփան Սաֆարյանը հավատում է, որ ինչ-որ մի քանի առանցքային ուժեր կկարողանան համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում:

 

«Վերջին հաշվով, դուք ու՞մ եք համարում միացյալ: Միացյալ հարյուրից ավելի կուսակցություններ ունենք, որոնց զգալի մասը չգիտենք ինչ վիճակում են, բայց եթե դուք միացյալին նկատի ունեք, որ գոնե նրանք, ովքեր իշխանության մեջ են, պիտի համաձայնություն տան այս կամ այն անձի շուրջ, ապա դրա կարիքը չկա; Դա չի էլ կարող լինել: Ավելի կարևոր է թեկնածուի անձը և ընդդիմադիր էլեկտորատի մոբիլիզացիա ապահովելու նրա կարողությունը»,-իր դիտարկումները ներկայացրեց բանախոսը: