«Ժողովուրդ» օրաթերթը բողոքարկելու է դատավճիռը

17:51 • 13.09.12

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահությամբ դատավորներ Կարինե Հակոբյանի, Տիգրան Սահակյանի, Գոհար Մատինյանի), սեպտեմբերի 6-ին կայացրած վճռով ուժի մեջ է թողել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ մերժելով՝ «Ժողովուրդ» օրաթերթի բողոքը: Այս առնչությամբ օրաթերթը տարածել է հայտարարություն, ուր տեղեկացվում է, որ «Ժողովուրդ»-ը բողոքարկելու է այս դատավճիռը:


Ներկայացնում ենք հայտարարությունը.
«Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը 2011թ. հոկտեմբերի 7-ի համարում տպագրել էր հոդված՝ մեջբերելով Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը, որ Գեղարքունիքի արդեն նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել նույն գյուղի դպրոցում պատմության ուսուցչի թափուր տեղի մրցույթում մյուս թեկնածուի հաղթանակն ապահովելու համար:


Ընդ որում՝ «Ժողովուրդ»-ը նույն հոդվածում հրապարակել էր նաև մարզպետի կարծիքը՝ իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ: Սակայն Պողոսյանն իր կուսակցապետի մոտ վստահություն ձեռք բերելու համար, հայց ներկայացրեց դատարան՝ պահանջելով հերքել իր «պատիվն ու արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները:Ընդգծենք, որ մինչ այդ, Պողոսյանը հերքման տեքստ չէր ներկայացրել խմբագրություն, փոխարենը իր «պատիվն արատավորելու» համար «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2,5 մլն դրամ:

 

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանն էլ «հալած յուղի տեղ ընդունելով» մարզպետի հավաստիացումները, թե ինքը հանրային դեմք է եւ թերթն իրավունք չունի իր մասին որեւէ բան գրել, վճռեց «<Ժողովուրդ>-ին տուգանել 200 հազար դրամով (100 հազարը փաստաբանական ծախսերի, 100 հազարըª Պողոսյանի արժանապատվության համար): Իսկ Վերքաննիչ քաղաքացիական դատարանն էլ անփոփոխ է թողել Թամրազյանի կայացրած վճիռը:

 

Նկատենք, որ ապօրիի գործարքների հետ նույնացվող դատարանները վճիռ կայացնելիս առաջ հաշվի չեն առել իրողությունը, որ «Ժողովուրդ»-ը նյութը տպագրել է` պահպանելով օրենքի և էթիկայի բոլոր նորմերը՝ նշելով ինֆորմացիայի աղբյուրը:Ավելին՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ թերթը, նախքան տեղեկությունները հրապարակելը, պարտավոր էր ստուգել դրանց արժանահավատությունը: Անհասկանալի է, թե ինչպես պետք է դա աներ: Օպերատիվ գործողություննե՞ր աներ, փողը մշակեր, տար վարորդի՞ն ու միանգամից նկարե՞ր, որ դա դիտվեր որպես ապացույց: Չէ՞ որ թերթը նման լիազորություն չունի, բացի այդ՝ լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե բարեխղճորեն մեջբերել է ուրիշի ուղղակի խոսքը:


Ինչևէ, ստացվում է, որ քաղաքացին դժգոհել է մարզպետի գործունեությունից, հայտնել է իր ունեցած ինֆորմացիան թերթի միջոցով, ոստիկանությունն էլ, որ պարտավոր էր պատժել կողմերից մեկին, անմիջապես անմեղ է համարել ինչպես Պողոսյանին, այնպես էլ Աննա Թորոսյանին՝ ողջ «կուժն ու կուլան» կոտրելով օրաթերթի գլխին: Ու այսպես էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարեփոխում է արդարադատության համակարգը»: