Մոսկվայում հայ համայնքի կազմակերպած ակցիան անցնում է խաղաղ պայմաններում. այստեղ է նաև Վլադիմիր Ժիրինովսկին
Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում այսօր ժամը 13-ից մեկնարկել է զանգվածային բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման:
Ինչպես Tert.am –ի հետ զրույցում ասաց Մոսկվայում ՀՀ դեսպանատան մամուլի պատասխանատու Էդիկ Ջամբազյանը, ով ևս մասնակցում էր բողոքի ակցիային, մասնակիցների թիվը հասնում է մոտ 250 մարդու, որոնց թվում են և՛ մեր հայրենակիցները, և՛ ռուսներ, ինչպես նաև ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ:
Քաղաքական շրջանակներից ներկա է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴ պետդումայի որոշ պատգամավորներ, որոնց մասին ավելի ուշ կմանրամասնվի:
«Ակցիան անցնում է շատ խաղաղ և ակցիայի հիմնական նպատակն է դատապարտել Ադրբեջանի գործողությունները, ուշադրություն հրավիրել Ադրբեջանի ղեկավարության վարած հայատյացության քաղաքականությանը»,- Tert.am –ի հետ զրույցում նշեց Էդիկ Ջամբազյանը:
«Երկրամաս» պարբերականի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի նպատակն է ցույց տալ, որ ռուս հասարակությունը անտարբեր չէ նման վրդովեցուցիչ արարքների նկատմամբ, որոնք թույլ տվեցին Հունգարիայի ու Ադրբեջանի իշխանությունները:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին հայերի միջև բախման և «արյունահեղության» վտանգի մասին: Մասնավորապես, ադրբեջանական Vesti.az–ը, հղում անելով «իր մշտական» ընթերցողներին, հայտնում էր, որ շուրջ 20-25 ադրբեջանցի ուսանող երիտասարդներ, որոնք հնարավոր է համալրվեն ևս 30-40 երիտասարդներով, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանցիներ, հետևելու են հայերի ակցիային և «Աստված չանի, Ադրբեջանի դրոշն այրվի»:
Էդվարդ Ջամբազյանն ի պատասխան հայտնեց, որ նման տրամադրություններ ակցիայի մասնակիցների շրջանում չկան, իսկ մասնակիցների ձեռքին էլ ադրբեջանական դրոշներ չկան:
Նշենք, որ ինչպես և զանգվածային այլ հավաքների ժամանակ, այս բողոքի ակցիայի դեպքում ևս ՌԴ իրավապահների կողմից ապահովվում է ակցիայի մասնակիցների անվտանգությունը:










