Թուրք ընդդիմադիրը հետաքրքրվել է, թե արդյոք Անջելին Ջոլին ԿՀՎ գործակալ է
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկի նախագահը հետաքրքրվել է, թե երկրի հատուկ ծառայություններն ունեն արդյոք տեղեկություն այն մասին, թե հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գործակալ է, թե ոչ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում կատարելով «Հյուրիեթին»։
Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Մեհմեթ Քեսիմօղլուն ՄԱԿ–ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հատուկ ներկայացուցչի՝ ԿՀՎ–ի հետ հնարավոր կապերի մասին հարցը երկրի ներքին գործերի նախարարին ուղղել է այսօր։
Հարցման համար առիթ է հանդիսացել Անկարայում հինգշաբթի տեղի ունեցած, մամուլի համար փակ հանդիպումը դերասանուհու և Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Նաիմա Շահինի միջև:
Ջոլին, ՄԱԿ-ի Փախստականների գծով գործակալության տնօրեն Անտոնիո Գուտերեշի հետ, նախօրեին այցելել էր Թուրքիայի Գազիանթեփ նահանգում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարներ:
«Ինչի՞ համար եք դուք ԶԼՄ-ների համար փակ հանդիպում կազմակերպել Անջելինա Ջոլիի հետ: Ինչո՞ւ հասարակությանը չեք ներկայացնում հարցերը, որոնք քննարկվել են այդ ժամանակ», - նշել է պատգամավորը:
Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե պե՞տք է արդյոք Ջոլիի այցը Թուրքիա դիտարկել որպես ԱՄՆ պետքարտուղարի և ԿՀՎ տնօրենի այցերի շարունակություն, և թուրքական իշխանությունները տեղեկություններ ունե՞ն այն մասին, որ «դերասանուհին ԱՄՆ ԿՀՎ գործակալ է, ով օգտագործվում է ԱՄՆ հետախուզության կողմից տարվող պատերազմի քաղաքականության վերաբերյալ հասարակական դրական կարծիքի ձևավորման նպատակով»:










