Արգենտինացիները նախագահի դեմ ուղղված զանգվածային ցույց են անցկացրել
Արգենտինայի բնակիչները նախագահի դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել, հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով El Argentino-ին: Արգենտինական մի շարք քաղաքներում փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք բողոքել են երկրի նախագահի պաշտոնում քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների վերընտրվելու և տնտեսության նկատմամբ հսկողության ուժեղացման դեմ:
La Nacion թերթը գրում է, որ առավել զանգվածային ելույթներ տեղի են ունեցել Բուենոս Այրես, Կորդոբա, Տուկուման և Սանտա-Ֆե քաղաքներում: Թե ընդհանուր առմամբ քանի մարդ է մասնակցել ցույցերին, արգենտինական ԶԼՄ-ները չեն նշում, սակայն հայտնի է, որ Բուենոս Այրեսի կենտրոնական հրապարակում ցուցարարների թիվը եղել է շուրջ 100 հազ, Կորդոբայում՝ 20 հազ:
Ցույցերի մեծ մասը կազմակերպվել են սոցիալական ցանցերի միջոցով, իսկ դրանց մասնակիցները հասարակ քաղաքացիներ են, այլ ոչ թե ընդդիմության ներկայացուցիչներ: Ցուցարարների ձեռքում բազմաթիվ ցուցապաստառների վրա գրված է եղել «Մենք քեզանից չենք վախենում», «Ես նրա համար չեմ քվեարկել», «Մենք չենք ուզում գնալ Վենեսուելայի և Կուբայի ճանապարհով» և այլն:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նախագահ Ֆերնանդես դե Քիրշները բողոքներին հանգիստ է արձագանքել՝ հայտարարելով, որ չի պատրաստվում նյարդայնանալ այդ կապակցությամբ: «Ես անելու եմ այն ամենը, ինչ արել եմ միշտ՝ պայքարել և աշխատել: Ես չեմ կարողանում այլ կերպ ապրել»,-ասել է նախագահը:










