ՀՀ-ն պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել ՀԱՊԿ զորավարժությունները. ԱԱԽ քարտուղար

14:00 • 14.09.12

ՀՀ ազգային անվտանգության խորհուրդն այսօրվա երկու նիստի ընթացքում քննարկել է երեք հարց՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը՝ սեպտեմբերի 15-19-ը և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:


Մանրամասնելով քննարկման թեմաները, նա նախ խոսեց առաջին նիստի մասին, որի ժամանակ քննարկվել է Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու գործարքը:


ԱԱԽ քարտուղարը հիշեցրեց ՀՀ նախագահի կայացրած որոշումը՝ կասեցնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, և ավելացրեց, որ քննարկվել և հաստատվել է այդ դեպքի հետ կապված գործողություների հստակ ծրագիր:


Առանց մանրամասնելու՝ Արթուր Բաղդասարյանն անցավ զորավարժությունների թեմային.«Պետք է նշել, որ առաջիկա զորավարժությունները կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար: Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 1700 զինծառայողներ, ՀՀ-ից և ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից»:


«Զորավարժություններին մասնակցելու են Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները՝ ՀԱՊԿ բոլոր երկրներից»,– ասաց նա:


ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ քննարկելով զորավարժությունների հետ կապված խնդիրները, արձանագրվել է, որ ՀՀ-ն պատրաստ է այդ զորավարժություններն անցկացնել բարձր մակարդակով:


Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության փաստաթղթին, ապա, ըստ ԱԱԽ քարտուղարի, այն մշակվել է 3 տարիների ընթացում, իսկ մշակման աշխատանքներում ընդգրկված են եղել միջազգային կազմակերպություններ:


«Թիրախային խմբերը երեխաներն են, կանայք, հաշմանդամները, փախստականները, դատապարտված անձինք, բռնադատվածները և սոցիալական բազմաթիվ այլ խմբեր»,- ընդգծեց նա։


Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ գործողությունների ծրագիրը հիմնականում իրականացվելու է երեք ուղղություններով՝ օրենսդրական բարեփոխումներ, ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումներ, ինչպես օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավման իրավակիրառական պրակտիկան, այսինքն, թե կյանքում ինչպե՞ս են պաշտպանվում քաղաքացու իրավունքները:


ՀՀ ԱԱԽ քարտուղարը նկատեց, որ այս ռազմավարությամբ կհզորացվի նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: