Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը կայցելի Հայաստան

15:24 • 14.09.12

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը 2012թ-ի սեպտեմբերի 18-19ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:


Ըստ Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Հայաստանում պետնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:


2012-ին նշվում է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակը, ուստի քննարկումների առարկան լինելու է երկկողմ հարաբերությունների, տնտեսական համագործակցության, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շուրջ։


Նաև տեսակետներ կփոխանակվեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ: