Հայաստանում կա մոտ 180.000 հաշմանդամ, որոնցից 60%-ն աշխատանքային տարիք ունի
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասնում է 180.000-ի, որոնցից 60%-ն աշխատանքային տարիքում է, իսկ աշխատանքի համար հաշվառվածների թիվը կազմում է, ընդամենը՝ 9%:
Այս բացը լրացնելու նպատակով հանրապետությունում իրականացվեց «Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում՝ որպես խոստումնալից աշխատուժ» դրամաշնորհային եռամյա ծրագիրը, որի անփոփումը կայացավ այսօր:
Զբաղվածության ծառայության պետ Սոնա Հարությունյանը, ներկայացնելով ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքները, նշեց, որ ծրագրի իրականացման հիմքում ընկած է աջակցվող զբաղվածության մոդելի կիրառումը, այսինքն՝ անձի աշխատանքային կարողությունների գնահատում, մասնագիտական ուսուցում, աշխատատեղի գնահատում, աշխատատեղի հարմարեցում, աշխատանքի ուղղորդում:
Ըստ Սոնա Հարությունյանի, ծրագիրը իրականացվել է միայն պիլոտային տարբերակով, երկու շրջաններում՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի զբաղվածության տարածքային կենտրոնի (ԶՏԿ) և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի զբաղվածության մարզային կենտրոնի (ԶՄԿ) արհեստագործական ուսումնարանների և գործատուների հետ:
Ծրագիրը ֆինանսավորվել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ծրագրերի շրջանակներում և իրականացվել Հյուման Դիգնիթի ընդ Փիս (Human Dignity and Peace) բարեգործական հիմնադրամի կողմից:
«Ծրագիրը հասել է իր նպատակին: Մասնավորապես, աշխատանքի են տեղավորվել հաշմանդամություն ունեցող 64 անձ, որից 32-ը Հրազդանում, 32-ն էլ Երևանում: Հարմարեցվել են աշխատատեղեր ԶՏԿ-ների հետ համագործակցող 10 գործատուի մոտ, թարմացվել և արդիականացվել է «Գործ» տվյալների բազան, որի միջոցով ուղիղ կապ է ստեղծվել հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» տվյալների բազայի հետ»,- ասաց նա և նշեց, որ այդ ձևով ստեղծվեց անձի մասին համապարփակ տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
Բացի այդ, ըստ նրա, ՀՀ-ում գործող 51 ԶՏԿ-ների մասնագետները մասնակցել են տվյալների նորացման բազան օգտագործելուն վերաբերող վերապատրաստմանը:
Կազմակերպվել են ձեռագործության, խոհարարության, փայտի փորագրության մասնագիտական ուսուցման և կյանքի հմտությունների դասընթացներ հաշմանդամություն ունեցող 100 անձանց համար, ինչպես նաև, իրականացվել են շենքային պայմանների և հարմարությունների մատչելիությանն ուղղված աշխատանքներ Էրեբունու, Նուբարաշենի ԶՏԿ-ում, Հրազդանի արհեստագործական ուսումնարանում: Կենտրոններին տրվել է մեկական հարմարեցված ավտոբուս:
Ծրագրի իրականացման գործընկերներից «Ակտիվա ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրեն Իվո վան Դոնգենն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործատուներին, ովքեր աջակցեցին և հնարավորություն տվեցին հաշմանդամություն ունեցող մարդկանց դրսևորել իրենց հնարավորությունները:










