Ֆրանսիայում մուսուլման աշակերտը ծեծել է ուսուցչին իսլամը մեկնաբանելու տարաձայնությունների պատճառով
Ֆրանսիայի Բորդո քաղաքի դպրոցներից մեկում 18-ամյա աշակերտը, ով իսլամ է դավանում, ծեծել է ուսուցչին «կրոնական տարաձայնությունների» պատճառով, հաղորդում է newsru.com-ը՝ վկայակոչելով Sud Ouest պարբերականին:
Իսլամին նվիրված դասի ժամին ուսուցչի և աշակերտի միջև տարաձայնությունն առաջացել է իսլամի հիմունքների որոշ մեկնաբանությունների շուրջ: Երբ ուսուցիչը սկսել է պնդել իր իրավացիությունը, բարկացած աշակերտը շուռ է տվել նստարանը, ինչից հետո դասը դադարեցվել է, իսկ կռվարարին կանչել են փոխտնօրենի սենյակ: Սակայն այնտեղ աշակերտն է՛լ ավելի է վրդովվել՝ իմանալով, որ իր պահվածքի մասին հաղորդելու են ծնողներին: Նա սկսել է ջարդել կահույքը, այնուհետև հարձակվել է իր ուսուցչի վրա և ծեծել նրան:
Կռվին փորձել է միջամտել դպրոցի անվտանգության աշխատակիցը: Նա փորձել է սաստել աշակերտին, սակայն ոչ ադեկվատ վիճակում գտնվող դեռահասը նրան նույնպես հարվածել է հայտարարությունների տախտակով:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է նրան:
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական հրեական Dreuz.info-ն՝ ֆրանսիական ԶԼՄ-ները, «ըստ ավանդույթի», փորձել են չնշել, որ խոսքը մուսուլմանի մասին է: «Պատահածն անվանել են «միջադեպ», սակայն եթե խոսքը քրիստոնյայի կամ հրեայի մասին լիներ, թերթերը դա կանվանեին «հանցագործություն ատելության հողի վրա»», - նշում է Dreuz.info-ն:










