Վրաց իշխանությունները ջավախքահայությանը զրկել են ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից. «Երկիր»

11:53 • 14.09.12

Վրաստանի տարածքում, այդ թվում նաև հայաբնակ Ջավախքում, 2012թ. հոկտեմբերի 1-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում։


Այս մասին տեղեկացնում է Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը. վերջինիս տարածած հայտարարության մեջ բերվում են այն փաստարկները, որոնցով վերահաստատվում է ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման իրողությունը:

 

Այսպես. առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը։ Այդ պատճառով հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախքյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից։

 

Վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008 թ-ից առ այսօր տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից և կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։



Քաղաքական հալածանքների զոհ են դարձել Ջավախքում գործող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները։ Կառույցի առաջնորդ` Վահագն Չախալյանը, շինծու մեղադրանքների հիման վրա դատապարտվել է տասը տարի ազատազրկման, կազմակերպության մի շարք այլ ակտիվիստներ` տարբեր ժամկետների ազատազրկման։

 

 

«Երկիր» միությունը տեղեկացնում է, որ վրացական իշխանությունների վերոնշյալ գործողությունների արդյունքում Ջավախքի բնակչությունն այսօր, ըստ էության, որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից։


«Երկիր» -ը կոչ է անում ջավախահայությանը, անգամ իմիտացիոն բնույթ կրող ընտրական այս գործընթացի պայմաններում օգտագործել իր տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները իր առջև ծառացած քաղաքական, քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթական և մշակութային խնդիրների լուծումը պահանջելու համար ։

 

«Ջավախքահայությունը պետք է պահանջի Ջավախքում առաջադրվող պատգամավորության բոլոր` և՛ իշխող, և՛ ընդդիմության թեկնածուներից, ինչպես նաև ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից իրենց ծրագրերում ընդգրկել և, ընտրվելու դեպքում, ստանձնել հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.

 

1. Ջավախքում լարված քաղաքական իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ` - Ջավախքահայության հասարակական–քաղաքական կյանքի նկատմամբ վրաց ուժային կառույցների վերահսկողության վերացում,
- Ջավախքահայ ազգային–քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների դադարեցում,
- Վահագն Չախալյանի և ջավախքահայ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում.

 

2. Վրաստանի հայաբնակ շրջաններում ինքնակառավարման համակարգի կայացում, այդ թվում` ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման միջոցով,


3. Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում,


4. Խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ,


5. Կրթական ոլորտի խնդիրներ. - Ջավախքում հայալեզու ուսուցման հիմքի վրա դպրոցական համակարգի պահպանում,
- Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի ավելացում.
- Ախալքալաքում հայ–վրացական համալսարանի բացում»,- ասված է «Երկիր» միության տարածած հայտարարության մեջ: