Ժիրինովսկին հայ օլիգարխներին կոչ է արել չլինել ժլատ ու միջոցներ ուղղել ԶՈՒ հզորացմանը և հանդիմանել Արա Աբրահամյանին (ֆոտո)
Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա Զաստավա» հրապարակում այսօր անցկացվել է զանգվածային բողոքի ակցիա՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման: Ակցիային, մեր հայրենակիցներից բացի,մասնակցել են ՌԴ քաղաքացիներ, Պետդումայի պատգամավորներ, այդ թվում՝ ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ղեկավարներ:
«100 տարի է Թուրքիան ու դրա նմաններն իրենց հարցերը լուծելու համար դիմում են բռնությունների»,- REGNUM գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ իր ելույթում նշել է Ժիրինովսկին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա նշել է, որ թուրքերը, օգտվելով այն առիթից, որ բոլոր երկրների ուշադրությունը սևեռված է Առաջին աշխարհամարտի վրա, «որոշեց լուծել իր ներքին խնդիրները»:
Ըստ քաղաքական գործչի՝ ներկայիս պայմաններում հայերը պետք է «խելք հավաքեն» ու պաշտպանեն իրենց: Նա վստահ է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, 100%-ով կպաշտպանի Հայաստանը: Ժիրինովսկու կարծիքով՝ Ռուսաստանը պետք է մեծացնի ռազմական ներկայությունը Հայաստանում ու օգնի զինել հայկական բանակը, ուժեղացնել սահմանների պաշտպանությունը, որպեսզի «միայն զորքը տեսնելուց թուրքերը նահանջեն»:
ԼԴԿ առաջնորդը միաժամանակ կոչ է արել հայ օլիգարխներին չլինել ժլատ ու ունեցած միջոցներն ուղղել երկրի Զինված ուժերի հզորացմանը:
«Ես ասում էի Կադաֆիին (Լիբիայի նախկին առաջնորդ), նախազգուշացնում էի, որ պետք է ծածկել երկինքը, գնել С-500, С-600: Նա ինձ չլսեց, ժլատություն արեց: Հա՛յ օլիգարխներ, պետք չէ ժլատ լինել: Պետք է օգնել , որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից բանակ»,- հայտարարել է նա:
Ժիրինովսկին հանդիմանել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ միջոցառմանը ներկա չգտնվելու համար:
«Ո՞ւր է նա, նա պետք է այստեղ լիներ, կրկին գործուղմա՞ն»,- ասել է նա:
Կուսակցության առաջնորդը Հունգարիայի կողմից Բաքվին արտահանձնելու և Բաքվի կողմից նրան ներում շնորհելու առումով Եվրոպային անվանել է «ծախու»:
Նրան վրդովվեցրել է հատկապես այն փաստը, թե ինչպես են մարդասպանին մեծարել Բաքվում: «Դա սարսափելի հանցագործություն է: Որտե՞ղ է լսված, որ սպանության դիմաց մարդ աշխատավարձ ստանա»,- ասել է նա:
Ակցիան կազմակերպվել է Ռուս-հայկական համագործակցություն կազմակերպության կողմից և համաձայնեցվել Մոսկվայի քաղաքապետարանի հետ:
Լուսանկարները՝ Regnum-ի










