Կիպրոսի մայրաքաղաքում նշվել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը

09:58 • 14.09.12

Սեպտեմբերի 13-ին մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Եվրոպական Միությունում նախագահող Կիպրոսի Հանրապետություն:

 

Նիկոսիա ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը:

 

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Կիպրոսի ղեկավարն ասել է, որ իր մոտ թարմ են եղբայրական Հայաստան այցելության հիշողությունները, որտեղ արժանացել է ամենաջերմ ընդունելության, և ուրախ է, որ հնարավորություն է ունեցել 2011 թ. պետական, ապա և աշխատանքային այցելություններով ընդունել Կիպրոսում ՀՀ Նախագահին:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Կիպրոսի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Կիպրոս կատարած իր այցելությունները:

 

Կիպրոսի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներն առանձնացան Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել և առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և և փոխվստահության բարձր մակարդակով:

 

Նախագահ Խրիստոֆիասը հանգամանալից ներկայացրել է կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը և նախաձեռնությունները՝ ուղղված կիպրական հիմնախնդրի լուծմանը, և ափսոսում է, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ նախաձեռնություններին:

 

Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորել է 2011թ. ՀՀ նախագահի՝ Նիկոսիա պետական այցելության շրջանակներում ընդունված համատեղ հռչակագիրը, որտեղ ամրագված է փոխադարձ աջակցությունը կիպրական և արցախյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

 

Նախագահ Խրիստոֆիասը տեղեկացրել է նաև եվրագոտու ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերի մասին:


ԵՄ-ում Կիպրոսի նախագահության համատեքստում հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի բանակցություններին:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Կիպրոսի ղեկավարին է ներկայացրել հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը՝ այդ առումով բարձր գնահատելով միջազգային հանրության միահամուռ և միանշանակ արձագանքը:

 

Կիպրոսի նախագահը խնդրել է իր ողջույնները, ինչպես նաև Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ շնորհավորանքները փոխանցել եղբայրական Հայաստանի նախագահին և ժողովրդին:


Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Նիկոսիայի Hilton Park հյուրանոցում մասնակցել է ՀՀ անկախության 21-ամյակի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ընդունելությանը, որին ներկա էին Կիպրոսի Նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը, խորհրդարանի ղեկավար Յիանակիս Օմիրուն, ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Կիպրոսի կառավարության և խորհրդարանի անդամներ, Նիկոսիայում հավատարմագրված դեսպաններ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:


Ողջունելով Հայաստանի Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության մասնակիցներին՝ նախարար Նալբանդյանն ասել է.
«Նշելով Հայաստանի անկախության 21-ամյակը, ես, հատկապես, ուրախ եմ ընդգծել, որ այս տարի մենք նշում ենք նաև Հայաստանի և Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությանների հաստատման 20-րդ տարեդարձը:


Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն և որակ մեր երկրների միջև սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ. այս տարի մենք նշում ենք նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը:


Մենք ունենք ավելի քան քսան ստորագրված համաձայնագրեր ներդրումների, կրթության, մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, քաղաքացիական ավիացիայի և պաշտպանության ոլորտներում, որն ամուր հիմք է հանդիսանում տարբեր համատեղ ծրագրերի իրականացման համար: Երկու խորհրդարանների միջև կա արդյունավետ համագործակցություն՝ շնորհիվ հայ-կիպրական խորհրդարանական հանձնաժողովի:


Անցյալ քսան տարիների ընթացքում իրագործվածը մեր համատեղ նվաճումն է: Այսօր մենք ունենք ամուր կամք նոր հորիզոններ բացելու մեր երկկողմ բարեկամական գործակցության համար:


Հայկական պետականության վերականգնումը հայ ժողովրդի դարավոր երազանքն էր, մեր ժողովուրդը անցել է բազմաթիվ փորձությունների միջով այդ նպատակին հասնելու համար: Սա մեր ժողովրդի նվաճումն է:


Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի և Հայաստանի ու Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված այս հանդիսավոր ընդունելությանը մեզ միանալու համար»:


Ընդունելության ժամանակ ներկաներին ողջունել և շնորհավորանքի խոսք է ուղղել նաև Կիպրոսի նախագահ Դեմիտրիս Խրիստոֆիասը: