Լիբիան օտարերկրացիների անվտանգության ապահովման հարցում միջազգային օգնության կարիքն ունի

15:02 • 14.09.12

Լիբիայի իշխանությունները չեն կարող ապահովել երկրի տարածքում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը՝ առանց միջազգային օգնության: Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, խոստովանել է Վաշինգտոնում Լիբիայի դեսպան Ալի Աուջալին՝ անդրադառնալով Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր ԱՄՆ դեսպանն ու ևս 3 աշխատակից:

 

Ելույթ ունենալով ԱՄՆ պետդեպարտամենտում՝ նա վստահեցրել է, որ Տրիպոլիի կառավարությունը գիտակցում է իր պատասխանատվությունը Լիբիայի տարածքում գործող «բոլոր դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովման հարցում»:

«Սակայն, ես վստահ եմ, որ մենք դա անկարող ենք անել առանց կողմնակի օգնության»,- նշել է լիբիացի դիվանագետը:

 

Նա, փաստորեն, կոչ է արել ԱՄՆ-ին ու Արևմուտքին ակտիվացնել Լիբիային հատկացվող աջակցությունը: «Դուք աջակցել եք մեզ պատերազմի ընթացքում (Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ զինված ապստամբության ժամանակ): Սակայն դուք պետք է աջակցեք մեզ նաև խաղաղ ժամանակ: Մենք ապրում ենք ծայրահեղ ծանր ժամանակներ, և մեզ ընկերների օգնությունն է անհրաժեշտ», - ասել է Աուջալին:

 

 

Նրա խոսքով՝ Տրիպոլիի կառավարությունը որակավորված «անձնակազմի և սարքավորումների» լուրջ պակաս ունի:

 

Բենգազիում կատարվածը որակելով «ահաբեկչական ակտ»՝ Աուջալին նշել է, թե ինչպես է «այդ ողբերգական միջադեպն ընդգծում միասին աշխատելու անհրաժեշտությունը»:

Դեսպանը նաև ներողությունը է խնդրել ԱՄՆ-ից և ցավակցություն հայտնել Բենգազիում կատարվածի համար: