Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է. Հունգարիայի ԱԳ նախարար
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հունգարական դիվանագիտության առաջնահերթությունն է, հայտնում է հունգարական Politics օրաթերթը՝ մեջբերելով Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնիին:
Մարտոնին ասել է նաև, որ «այն, ինչ որոշում է երկրի վարչապետը, նաև կառավարության որոշումն է»: «Վարչապետի և կառավարության որոշումները համընկնում են: Ուստի՝ ապարդյուն է վիճաբանել՝ արդյո՞ք կառավարությունն է ընդունել Սաֆարովի գործով որոշումը, թե՞ վարչապետը»,- ասել է նա՝ անդրադառնալով Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու որոշմանը:
Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա պաշտոնյան նշել է, որ նման հարց չի եղել, իսկ ինքը հավատարիմ է մնացել վարչապետին:
Նախարարը հաստատել է նաև, որ ինքը Շվեյցարիայից խնդրել է աջակցել Հայաստանի և Հունգարիայի հարաբերությունների կարգավորմանը: Ըստ պաշտոնյայի՝ այդ հարցում իր օգնությունն է առաջարկել նաև հունգարահայ համայնքը:










