Եգիպտոսում «Մուսուլմանների անմեղության» պատասխան ֆիլմը կնկարահանվի
Եգիպտոսցի իսլամիստները պատրաստվում են վավերագրական ֆիլմ նկարահանել Մուհամադ մարգարեի կյանքի մասին՝ ի պատասխան իսլամական աշխարհում մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ամերիկյան ֆիլմին:Ինչպես նշում է vz.ru-ն, այս մասին հայտարարել է սալաֆիական «Ան Նուր» կուսակցության ներկայացուցիչ Մուհամեդ Նուրը:
«Մուհամադ մարգարեի կյանքի, գործունեության և Իսլամի տարածման մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները շուտով կսկսվեն: Այն կտևի 1.5 ժամ, իսկ դրա նախնական անվանումն է «Ի՞նչ կլիներ աշխարհի հետ, եթե Մուհամադը չլիներ»»,-ասել է Նուրը:
Կուսակցությունն արդեն հավաքել է համապատասխան ստեղծագործական խումբ, որը զբաղվելու է սցենարի մշակմամբ: Ֆիլմը կնկարահանվի արաբերենով, ինչից հետո կթարգմանվի անգլերեն և ռուսերեն:
Նախորդ օրը մայրաքաղաք Կահիրեում սալաֆիները լայնածավալ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ դեսպանատան մոտ (սալաֆիներն Իսլամի ամենապահպանողական ճյուղերից մեկի ներկայացուցիչներն են):
Ըստ իրավապահների տվյալների` ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 195 մարդ է տուժել:
«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Սուդանում,Մարոկոյում, Թունիսում և Լիբիայում, որտեղ անկարգությունների հետևանքով սպանվել էր այդ երկրում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը:










