Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ ծրագրեր կիրականացվեն. Նարեկ Սարգսյան
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հյուսիսային պողոտայում լայնամասշտաբ ծրագրեր կիրականացվեն։
Ըստ նրա, նախագիծն արդեն վերջանական տեսքի է բերվել և եթե հասնեն, ապա աշխատանքները կսկսեն հոկտեմբերին, հակառակ դեպքում՝ գարնանը և շատ արագ էլ կավարտեն դրանք՝ երեք ամսում:
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նկատեց, որ քաղաքապետարանին չի հուզում, թե Հյուսիսային պողոտայի շենքերը բնակեցված են, թե ոչ։ Փոխարենը հետաքրքրում է այս տարածքի վերջնական տեսքը:
«Բնակիչները կապրեն, թե ոչ, դա չի խնդիրը, այլ որ այստեղ հոկտեմբերից լայնամասշտաբ ծրագրեր կսկսենք: Հյուսիսային պողոտայի բոլոր վերգետնյա ծածկույթը կփոխենք, բետոնե ծածկույթը փոխարինելու ենք քարե սալիկներով»,– ասաց նա:
«Կփոխենք նաև լուսավորությունը, կանաչ գոտիները երեք անգամ կավելանան, շենքերի գեղարվեստական լուսավորությունը կիրականացնենք և Հյուսիսային պողոտայի վերջնական տեսքը կստանանք»,- ասաց նա:










