Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով

12:37 • 14.09.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:


Ըստ նախագահական գրասենյակի հաղորդագրության՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,


Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ և հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում:


Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարևորագույն նախաձեռնություններով:


Ձեր հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:


Վստահ եմ, որ բոլոր մակարդակներում ինտենսիվ շփումների շարունակությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված բարձր պայմանավորվածությունների իրականացմանը:


Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,


Ցանկանում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին բարօրություն, քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: