Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը պահանջում է պատժել Սաֆարովի գործարքն հեղինակներին

18:41 • 14.09.12

ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Եվրոպայի հայ համայնքների վարչությունից տեղեկացնում են, որ հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը, որում արտահայտել է իր վրդովմունքը Հունգարիայի արդարադատության մարմինների կայացրած որոշման առնչությամբ, երբ վերջիններս անտեսելով ամենակարևոր մարդկային և բարոյական օրենքները, զիջելով Ադրբեջանի թուրքական պետության ճնշմանը, կայացրին մարդասպանին հայրենիք արտահանձնելու որոշում:


Հայտարարության մեջ ասված է.

«Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը հայտնում է իր ցավն և ցնցումը Հայաստանի և Հունգարիայի անակնկալ միջպետական կապերի խզման պատճառով: Չենք հասկանում և չենք կարող ընդունել այն բացատրությունները, որոնք, չնայած հայկական կողմին բազմիցս տրված խոստումների, Հունգարիայի արդարադատական մարմինները, անտեսելով ամենակարևոր մարդկային և բարոյական օրենքները, զիջելով Ադրբեջանի թուրքական պետության ճնշմանը, մարդասպանին հայրենիք արտաքսման որոշում կայացրեցին:


Ծանր մասնագիտական սխալ ենք համարում 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի ոգուն և իմաստին հակասող, հունգար իշխանությունների կողմից ընդունված որոշումը:


Նկատի առնելով վերը նշված հանգամանքը, պահանջում ենք գործի և կապված գործարքի հետին պարագաների բացահայտման նպատակով հետաքննության հարուցում ի դեմ որոշում կայացնողների, առանց ուշադրության նրանց զբաղեցրած դիրքի եւ անձի, քաղաքական, եւ եթե անհրաժեշտ է, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:


Ժամանակն է եկել աշխարհին բացատրել, որ հինգհազարամյա պատմություն ունեցող քրիստոնյա ժողովրդին չի կարելի ձգել այնպիսի վայրագ պետության և հասարակության քմահաճությանը, որն հերոսացնում է վախկոտ, դեմ առ դեմ պայքարի անընդունակ, գաղտագողի գիշերային մարդասպանին:


Համարում ենք, որ Ստալինի քմահաճույքով թուրքերին գերված և այսօր անկախ Արցախը, պետք է միջազգային ճանաչում ստանա: Եվրոպական Միությունը, ներառյալ Հունգարիան, պետք է հետևի ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի խորհրդարանի իմաստուն կարծիքին, որ եթե ԱՄՆ-ը ժամանակին հրաժարվեր ազգերի ինքնորոշման իրավունքից, ցայսօր կմնար որպես անգլիական գաղութ: