Սուդանում ոստիկանությունը Գերմանիայի դեսպանատնից հետո, այժմ նաև ԱՄՆ դեսպանատան դիմաց է փորձում ցրրել կատաղած իսլամիստներին

19:17 • 14.09.12

Սուդանի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են մայրաքաղաք Խարտումում ԱՄՆ դեսպանատան դիմաց, նրանք բողոքի ակցիա են իրականացնում աղմկահարույց «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով «Ալ-Ջազիրային»:



Ցուցարարներին ցրելու համար իրավապահները կիրառում են հատուկ միջոցներ և արցունքաբեր գազ:


Հիշեցնենք, որ Սուդանում զայրացած ամբոխը գրոհով վերցրել էր Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը
Գերմանիայի դեսպանատան գրոհի կադրերը ցուցադրվել են Al Jazeera հեռուստաալիքով: Դրանցում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ կոտրում երկաթյա պարիսպները և պատերով վեր մագլցում:



Նրանք կոտրել են շենքի պատուհանները, կարողացել են հասնել դեսպանատան շենքի կտուրը և այնտեղ, գերմանական դրոշի փոխարեն ամրացնել սև դրոշ` «Ալլահից բացի այլ Աստված չկա, իսկ Մոհամադն էլ նրա մարգարեն է» գրությամբ: Դրանից հետո շենքի դիմաց հրդեհ են կազմակերպել, որից հետո ցուցարարները արգելափակել են դեսպանատան ճանապարհը, որը հրշեջ ավտոմեքենաները չկարողանան մոտենալ հրդեհի վայրին: