Օբաման հեռախոսազրույց է ունեցել Եմենի առաջնորդի հետ՝ ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման առիթով
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Եմենի առաջնորդ Աբդ Ռաբու Մանսուր Խադիի հետ՝ քննարկելով նախօրեին Սանայում ամերիկյան դեսպանատան վրա հարձակումը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ինչպես փոխանցում է vz.ru-ն, Եմենի առաջնորդը խոստացել է բոլոր հնարավոր միջոցառումները ձեռնարկել իր երկրի տարածքում ԱՄՆ քաղաքացիների պաշտպանության համար:
Ըստ մամուլի ծառայության՝ Օբաման նաև «երախտագիտություն է հայտնել Եմենի նախագահին կատարվածին արագ արձագանքելու համար և ողջունել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ տարվում է կատարվածի հետաքննություն»:
«Նախագահ Օբաման բարձր գնահատական է տվել եմենյան կառավարության հետ համագործակցությանը և ընդգծել է համատեղ աշխատանքի կարևորությունը՝ հետագայում ամերիկյան անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ»,- հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Եմենի նախագահը պատասխանատվություն է ստանձնել անել հնարավորն իր երկրում ԱՄՆ քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նա նաև նշել է, որ կարգադրել է լրացուցիչ ուժեր տեղակայել դեսպանատան տարածքում:
Մուսուլմանական մի շարք երկրներում հակաամերիկյան տրամադրությունների պատճառն ԱՄՆ արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամադ մարգարեին:










