Աշխարհը 2011-ին սպառազինության վրա 1,7 տրիլիոն դոլար է ծախսել. ՄԱԿ

22:27 • 14.09.12

Նախորդ տարի աշխարհում սպառազինության վրա կատարված ծախսերը հասել են 1,7 տրիլիոն ԱՄՆ դոլարի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի–Մունը, ում ելույթից հատվածներ է ներկայացրել «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
 

«Աշխարհը մեկ օրում երկու անգամ ավելի շատ է ծախսում զենքի վրա, քան ՄԱԿ-ը մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման աշխարհի գլոբալ առաքելությունների վրա` ողջ տարվա ընթացքում», - նշել է նա:


«Դա հսկայական գին է մարդկանց համար, որոնք փորձում են քնել սովից տառապելով, երեխաների համար, որոնք մահանում են խմելու ջրի անբավարարության պատճառով, գյուղացիների համար, որոնք չեն կարողանում հող մշակել, քանի որ այն ականապատված է», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


Բան Կի–Մունի խոսքով, տնտեսագետները դա անվանում է «ընտրության գին», սակայն նա անձամբ կարծում է, որ նման ահռելի ծախսերը «անբարոյական են»:


«Աշխարհը ենթագիտակցորեն հասկանում է, որ հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծում լինել չի կարող, որ սակավ ռեսուրսները պետք է ծախսվեն, որ մարդկանց հնարավորություն տան բարգավաճելու, այլ ոչ զենքի համար, որը միայն տառապանքն է ավելացնում», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: