Nouvelles d’Armenie-ի հարցազրույցում Գագիկ Ծառուկյանի անունը չեմ տեսել. Տիգրան Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ'Արմենի Մագազին» ամսագրին տված հարցազրույցը մեկնաբանելու որևէ ցանկություն չունի, քանի որ այնտեղ Գագիկ Ծառուկյանի անունը չի տեսել:
«Այդ ի՞նչ ասեմ՝ հայտարարությու՞ն, թե հարցազրույց կոչվածի վերաբերյալ իմ ասելիքն ասել եմ. մեր առաջնորդի անուն-ազգանունը ես այնտեղ չեմ տեսել, լսել և հետևաբար, որևէ մեղադրանք կամ քննադատություն մեկնաբանելու ցանկություն չունեմ»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց նա:
«ԲՀԿ-ի հասցեին ասվածի վերաբերյալ արդեն ասել եմ, որ դրանք անհիմն արտահայտություններ են: Եթե եղել է, (Ռ. Հայրապետյանի հարցազրույցը – Tert.am), եթե չի եղել…»,- ավելացրեց ԲՀԿ մամուլի քարտուղարը ի պատասխան այն հարցի, թե նշված հարցազրույցը վարած Սեդա Մավյանի՝ մամուլին տված պարզաբանումից հետո այն մասին, որ Ռ. Հայրապետյանը նման բան ասել է, ինչպիսին է լինելու ԲՀԿ դիրքրորոշումը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ'Արմենի Մագազին» ամսագրին տված հարցազրույցի՝ Գագիկ Ծառուկյանին վերաբերող հատվածից հետո, նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը կապվել է Ռուբեն Հայրապետյանի հետ և վերջինս հավաստիացրել է, որ նման բան չի հայտնել:
Սակայն այսօր մամուլից հայտնի դարձավ, որ հարցազրույցը վարած Սեդա Մավյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հաստատել է, որ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում տեղ գտած և հրապարակված ցանկացած միտք և արտահայտություն իրականում հնչել է գործարարի կողմից:
Հիշեցնենք, որ այդ հարցազրույցի, ՀՖՖ նախագահին վերագրվող տողերը. «Բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար: Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է»։
Ի պատասխան հարցի, թե ըստ Սեդա Մավյանի՝ փաստորեն Գագիկ Ծառուկյանին ճիշտը չի ասվել, Տիգրան Որիխանյանը նկատեց. «Իմ պատասխանը դա է, ուրիշ պատասխա՞ն եք ակնկալում»:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։










