Եմենում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակվածների շարքում 4 զոհ և 34 վիրավոր կա

01:45 • 14.09.12

Եմենում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման արդյունքում զոհվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 4-ի, ևս 34 մարդ վիրավոր է, հաղորդում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր միջադեպի հետևանքով 1 զոհի մասին:


«Չորս մարդ սպանվել և 34-ը վիրավորվել է բախման հետևանքով, որը սկսվել է առավոտյան և շարունակվել մինչև ուշ երեկո, ԱՄՆ դեսպանատան դիմաց», - հաղորդել է եմենյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչը, որի խոսքերը ներկայացնում է գործակալությունը:


«Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի դեմ բողոքող Եմենի քաղաքացիները փորձել են գրոհով գրավել ԱՄՆ դեսպանատունը երկրի մայրաքաղաք Սանայում: Ակցիայի մասնակիցները ներխուժել են դեսպանատան տարածք և այրել այնտեղ գտնվող ավտոմեքենաները:

Եմենի հատուկ ծառայությունների աշխատակիցները կրակել են օդ՝ նրանց ցրելու նպատակով:
Համանման ակցիաներ, սակայն առանց զանգվածային արյունահեղության, անցել են Եգիպտոսում, Թունիսում և Իրանում: Այդ երկրներում կատաղած ամբոխը այրել է ամերիկյան դրոշը և կահաամերիկյան կոչեր հնչեցրել: Եգիպտոսում հակաամերիկյան ցույցերի ժամանակ ավելի քան 220 մարդ վնասվածքներ է ստացել, սակայն զոհեր չկան:

Նշենք, որ Իսլամիստները նման կերպ իրենց բողոքն են արտահայտում «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի կապակցությամբ, որտեղ, իրենց կարծիքով Մուհամեդը ներկայացված է ծայրահեղ անհրապույր տեսքով: