Բուդապեշտի դասընթացները կազմակերպել է ԱՄՆ-ն, ոչ ՆԱՏՕ-ն, իսկ ամերիկացիներին նախազգուշացրել են, որ Սաֆարովը կացին է գնել. АН

11:49 • 14.09.12

Ռուսական Аргументы Недели-ն «Լեռնային Ղարաբաղի շուրջ սրացումների համար Միացյալ Նահանգնե՞րն է մեղավոր» վերտառությամբ անդրադարձ է հրապարակել, որը նոր լույս է սփռում Գուրգեն Մարգարյանի սպանության վրա՝  ի հայտ բերելով մինչ այժմ անհայտ փաստեր:

 

Թերթը պնդում է, որ Հունգարիայի կառավարությանը մոտ աղբյուրներից իրեն հայտնի է դարձել, որ այդ երկրում խիստ անհանգստացած են Հայաստանի և միջազգային հանրության կողմից «Սաֆարովի գործով» հնչեցված քննադատությունից:

 

Ըստ АН-ի՝  Հունգարիան պարբերաբար նման արտահանձնումներ է կատարում. ամեն տարի Հունգարիան հայրենիք է ուղարկում հունգարական դատարանի կողմից դատապարտված 6-8 մարդու: Եվ Սաֆարովի հանձնումը սովորական սխեմայով է տեղի ունեցել:

 

Աղբյուրն արձանագրում է, սակայն, որ Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած ադրբեջանական քայլերից հետո «Հունգարիան ծայրահեղ տհաճ իրադրության մեջ է հայտնվել»:

 

«Բուդապեշտում հասկանում են, որ այս արտաքսումը (թերթն օգտագործել է դեպորտացիա բառը) շատ հանգիստ կարող է դառնալ կովկասյան «Սարաևոյի կրակոց»»,- գրում է թերթը՝ նկատի ունենալով 1914-ին ավստրիացի ազնվական Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը Սարաևոյում, որը պաշտոնապես Առաջին Աշխարհամարտի պատճառ դարձավ:

 

«Եթե հիմա Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմ սկսվի, ապա դրա մեղքը զգալի չափով կկրի Բուդապեշտը: Դրանից բացի, այնպես է դասավորվում, որ կատարվածից իրենց օգուտը քաղում են բոլոր կողմերը՝ Հունգարիայից բացի: Սաֆարովի վերադարձը տուն Իլհամ Ալիևին օգնեց բարձրացնել իր հեղինակությունը հայրենիքում: Այնուամենայնիվ, Բաքվում դժգոհ են Բուդապեշտից: Գործարքի մանրամասների հրապարակումից հետո ադրբեջանցի քաղաքական գործիչները ստախոսներ են դիտվում: Նման բան ոչ ոքի դուր չի գա», - շարունակում է АН-ը:

 

Անդրադառնալով կոնկրետ Մարգարյանի սպանությանը՝ աղբյուրը գրում է, որ «Վաշինգտոնը կարողացավ չոր դուրս գալ ջրից» և սլաքն ուղղել «կրտսեր գործընկերոջ» կողմը: Բանն այն է, որ Բուդապեշտում տխրահռչակ դասընթացը կազմակերպել էր հենց ԱՄՆ-ն: Ընդ որում, ըստ աղբյուրի, դրանք եղել են ոչ թե ՆԱՏՕ-ի դասընթացները, ինչպես շահարկվում է, այլ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյինը:

 

Հայտնի է դարձել, որ ողբերգությունից առաջ հունգարական հատուկ ծառայություններն ամերիկացիներին անմիջապես տեղեկացրել են, որ Սաֆարովը խանութից կացին է գնել: Ամերիկացիները, սակայն, ոչ մի կերպ չեն արձագանքել այս տեղեկությանը: «Հետևանքը եղավ այն, որ գլխակերը հանգիստ կացինը սրելով՝ կտրել է խեղճ հայի գլուխը», - եզրափակում է աղբյուրը: