Երևանի քաղաքապետարանը կորոշի կիսակառույց շենքերի ճակատագիրը

16:22 • 14.09.12

Երևանի քաղաքապետարանը մոտ ապագայում կփորձի հստակեցնել Դվին հյուրանոցի, նախկին Սևան հյուրանոցի, Երիտասարդական պալատի, Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի և նմանատիպ մի շարք կիսակառույց շենքերի տարածքների ճակատագիրը, որտեղ շինարարական աշխատանքներ երկար տարիներ չեն կատարվում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:


«Այդ տարածքները տեսանելի են բոլորին և բավական լուրջ խնդիրներ են առաջացնում քաղաքացիների և մեզ համար: Չկառուցված շենքերն առաջին հերքին խաթարում են քաղաքի ճարտարապետական դիմագիծը, զբոսավայրի միջավայրի համար խնդիրներ են ստեղծում նաև էկոլոգիական խնդիրներ առաջացնում՝ կապված փոշու հետ»,- ասաց նա:


Այդ իսկ պատճառով, ըստ գլխավոր ճարտարապետի, քաղաքապետարանը ՀՀ կառավարության հետ միասին գույքագրում են իրականացրել, ինչպես նաև հանդիպումներ տարածքների սեփականատերերի հետ:


«Կառուցապատողներին ծանուցել ենք, որ նրանք պարտավոր են առաջիկա մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարան ներկայացնել շինարարական կառուցապատման ներդրումային ծրագրերը և ժամկետների և շինարարության ավարտի վերաբերյալ նոր և հստակ պայմանագրեր կնքել»,- ասաց նա։


Նարեկ Սարգսյանը նաև զգուշացրեց, որ եթե մեկ ամսվա մեջ պայմանագրեր չկնքվեն այդ տարածքների հետագա ճակատագրերի մասով, քաղաքապետարանն իր իրավասությունների սահմաններում կկատարի հետագա քայլեր։


«Կարող ենք դիմել ՀՀ կառավարություն և ճանաչել գերակա շահ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Երևանում այդպիսի բազմաթիվ տարածքներ կան։