Արաբական թերակղզու «Ալ Կաիդան» կոչ է անում ոչնչացնել դեսպանատները և սպանել դեսպաններին

19:51 • 15.09.12

«Ալ Կաիդա» խմբավորման Արաբական թերակղզու  բջիջը «մուսուլմաններին կոչ է անում հրդեհել դեսպանատները և սպանել դեսպաններին՝ ի նշան բողոքի «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմի դեմ, հաղորդում է Reuters գործակալությունը:


Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ «մուսուլմանները պետք է հետևեն Օմար ալ-Մուխտարի հետնորդների օրինակին, որոնք Բենգազիում սպանել են ամերիկյան դեսպանին»:


«Թող դեսպանատների վտարման քայլը նաև քայլ դառնա մուսուլմանական երկրների ԱՄՆ հեգեմոնիայից ազատագրվելու ուղղությամբ», - հայտարարել են իսլամիստները:


Հայտարարության հեղինակ իսլամիստ ծայրահեղականների կարծիքով, ԱՄՆ-ում ստեղծված ֆիլմը «խաչակիրների կողմից մուսուլմանների դեմ մղվող պատերազմի մաս է հանդիսանում»:


Հիշեցնենք, որ այս օրերին ողջ մահմեդական աշխարհում հակաամերիկյան, իսկ այժմ նաև ընդհանրապես հակաարևմտյան բողոքի ակցիաներ են ընթանում:

Որոշ երկրներում դրանք համեմատաբար խաղաղ բնույթ ունեն, սակայն մեծամասնաբար արաբական երկրներում ակցիաները ուղեկցվում են ծայրահեղական ակտերով:
 

Ցուցարարների շրջանում կան բազմաթից զոհեր, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի կանգնեցնում իսլամիստներին: