Անթույլատրելի է միջազգային կառույցների անտարբերությունը Ադրբեջանի նկատմամբ, որի նպատակը պատերազմ վերսկսելն է. ադրբեջանահայեր
Երեկ տեղի է ունեցել Ադրբեջանական ԽՍՀ փախստականների համագումարի նախագահության արտահերթ ընդլայնված նիստը: Համագումարի նախագահությունը նիստի ավարտից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել մի շարք տարածաշրջանային իրողությունների, այդ թվում և այն փաստի վրա, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ ոչ համարժեք, այսպես կոչված «հավասարակշռված» արձագանքները ոչ միայն չեն սաստել Ադրբեջան ագրեսոր պետությանը, այլև քաջալերել են նրան:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
1. Ադրբեջանական ԽՍՀ փախստականների համագումարը միջազգային հանրության ուշադրությունը բազմիցս հրավիրել է այն փաստական իրողության վրա, որ
-արդեն երկու տասնամյակ է, ինչ Ադրբեջանի հանրապետությունում անարգել ստեղծվում է տարածաշրջանում ռասսայական խտրականության խրախուսմանն ու հայերի ոչնչացմանը նպատակաուղղված պետական մեքենա.
-տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից ստեղծվող տարածաշրջանային սպառնալիքներին միջազգային հանրության և ԵԱՀԿ ոչ համարժեք, այսպես կոչված «հավասարակշռված» արձագանքները ոչ միայն չեն սաստել ագրեսոր պետությանը, այլև քաջալերել են նրան: Ավելին. Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցությունները մինչ օրս ծառայել են իբրև վարագույր, որի հետևում Ադրբեջանը հզորացրել է իր ռազմական կարողությունները, իր մարդասպան մեքենան.
-Բաքվի ռեժիմը վաղուց սպառել է քաղաքակիրթ երկխոսության բոլոր հնարավորությունները և չի կարող ունենալ որևէ քաղաքական, իրավական ու բարոյական իրավասություն` որոշելու ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ հայ փախստականության ճակատագիրը, առավել ևս «երաշխավորելու» նրանց անվտանգությունը:
2.Ներկայումս Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և հայրենիքում նրա հերոսացման փաստը հերթական անգամ ակնհայտ է դարձնում վերը նշված իրողությունները: Այն նաև մարդու իրավունքների եվրոպական արժեքների ու« ընդհանրապես« միջազգային հանրության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից ցինիզմի բացահայտ դրսևորում է:
Մենք համոզված ենք, որ
-ողջ ադրբեջանական ժողովրդին մարդկության դեմ հանցանքի գործիք դարձնելու Բաքվի ռեժիմի մտադրությունը լուրջ մարտահրավեր է միջազգային ողջ հանրությանը
-ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, 2004թ. Բուդապեշտում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն կացնահարած Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու և պարգևատրելու Իլհամ Ալիևի որոշումը շոշափում է ոչ միայն Հայաստանի, այլև ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների շահերը
-Ադրբեջանի ղեկավարության գործողությունները ազգային ատելության հողի վրա, խաղաղ պայմաններում, դաժան մեթոդներով հայերին սպանելու համար իրենց քաղաքացիներին խրախուսելու պետական քաղաքականության դրսևորում են
-իր հերթին Ռամիլ Սաֆարովին մայորի զինվորական կոչում շնորհելը և արգելափակված տարիների համար փոխհատուցում տալը վկայում են, որ Թուրքիայում զինվորական հատուկ պատրաստություն անցած ադրբեջանական բանակի սպան միջազգային տեռորիզմի ակտն իրականացրել է Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ
-Բաքվի վարչակարգի քայլերն անշրջելի են իրենց էության մեջ, հետևապես անհնար են դարձնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ճանաչման և ապագայում նրա ինքնորոշման կարգի շուրջ հետագա բանակցությունները
3.Ստեղծված իրավիճակում Ադրբեջանական ԽՍՀ հայ փախստականները իրենց և համայն հայության անվտանգությունը տեսնում են.
-ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո «ընթացող» բանակցությունները դադարեցնելու և կոնֆլիկտի կարգավորման նոր ձևաչափ ստեղծելու մեջ, որն ամբողջովին կբացառի ուժի կիրառման հնարավորությունը, կապահովի կոնֆլիկտի բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին` նրանում ընդգրկելով մարդու, մասնավորապես փախստականների անօրինականորեն խախտված իրավունքների լիովին վերականգնման խնդիրը,
-շուրջ 20 տարի գոյության իրավունքը հաստատած Լեռնային Ղարաբաղի հանրապետության անհապաղ ճանաչման գործընթաց սկսելու, նրա անվերապահ միջազգային ճանաչման մեջ,
-Ռամիլ Սաֆարովի նկատմամբ միջազգային տեռորիզմի մեղադրանքով նոր քրեական գործ հարուցելու մեջ:
4. Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ
- ալևս անթույլատրելի է միջազգային կառույցների հետագա անգործունեությունը ագրեսիվ պետության նկատմամբ, որը բացահայտորեն հող է նախապատրաստում պատերազմի վերսկսման, հերթական ցեղասպանության իրականացման համար: Միայն միջազգային հասարակայնության ջանքերով է հնարավոր պահպանել խաղաղությունը տարածաշրջանում:
5. Եվ կոչ ենք անում
- ՀՀ, ԼՂՀ իշխանություններին, միջազգային հանրությանը` կոնկրետ գործողություններով ակտիվացնել ջանքերը Ադրբեջանի սպանդի մեքենան կանգնեցնելու և տարածաշրջանային սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ:
- Համայն հայությանը և հատկապես աշխարհի տարբեր ծագերում հանգրվանած Ադրբեջանական ԽՍՀ փախստականներին` համախմբվելու համագումարի շուրջ` մեկտեղելու ջանքերը և համատեղ քայլերով հետամուտ լինելու մեր արդարացի պահանջների իրականացմանը, մեր մարդկային իրավունքների վերականգնմանը»:










