Հրանտ Դինքն այսօր կդառնար 58 տարեկան

11:08 • 15.09.12

Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ շաբաթաթերթի` «Ակոսի» նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն այսօր կդառնար 58 տարեկան:

 

Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ: Սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում: Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող:

 

90-ական թվականներին Ջութակ ծածկանունով «Մարմարա» թերթում սկսում է քննադատականներ գրել հայերի պատմության մասին Թուրքիայում լույս տեսնող գրքերին, հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:

 

1996 թ-ին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս » թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև:

 

Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թ-ին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության:

 

2007թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվել է Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։


Սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: «Ես հայ եմ , ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի:

 

2005 թ.- ին Դինքն արժանացել է Թուրքիայի ` Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության` Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թ-ին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թ-ին՝ հետմահու՝ ՀՀ նախագահի և այլ մրցանակների:

 

2007 թ-ին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը: Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց:

 

Իր վերջին հոդվածում Դինքը գրել է. «Ես նման եմ աղավնու այս հասարակության մեջ, որը պետք է շատ աչալուրջ լինի, ուստի ես ճարպկորեն պտտում եմ գլուխս աջուձախ, վերևուներքև, որքան հնարավոր է արագ, որ խուսափեմ շուրջս առկա վտանգներից… բայց ես չեմ սարսափում, քանի որ այս հասարակության մեջ աղավնիներին չեն կրակում»…