Մոսկվայում ընթանում է «Միլիոնների երթը»՝ 8000 հոգով, նրանց հետևում է 7000 իրավապահ

16:24 • 15.09.12

Մոսկվայում մեկնարկել է ընդդիմադիրների «Միլիոնների երթը», որն արտոնված է: Սպասվում է, որ դրան կարող են մասնակցել տասնյակ հազարավոր մարդիկ, հայտնում է BBC-ն: Պաշտոնապես հայտարարվել է 25 000 մարդու մասնակցության մասին: Պաշտոնական աղբյուրները առայժմ հայտնել են 5000 ցուցարարի մասին: Դեպքի վայրից BBC-ի թղթակից Յուրի Մալովերյանը հայտնում է, որ հավաքվել է 8000 հոգի: Вести-ն նշում է 11 000 թիվը, կազմակերպիչները պնդում են, որ մարդիկ դեռ կշատանան:

 

Օրենքին ու կարգին երթի ընթացքում կհետևի 7 000 իրավապահ: Ընդդիմադիր ակտիվիստները լրացուցիչ հայտնել են, որ երթին ներկա են լինելու նաև համազգեստով 15 դատախազ: Ոստիկանությունն իր հերթին հայտնել է, որ տեղյակ է՝ ակցիայի ընթացքում սադրիչ գործողություններ են նախատեսվում: Ոստիկանները անգամ 46 մետաղորսիչ շրջանակներ են տեղակայել:

 

Սա երրորդ «Միլիոնների երթն» է, սկսվել է Պուշկինսկայա մետրոյի կայարանի մոտ: Ցուցարարները երթով գնալու են մինչև Սախարովի պողոտա, որտեղ հանրահավաք է անցկացվելու:

 

Ցուցարարները ունեն պաստառներ, որոնց վրա կարելի է կարդալ. «Վոլոդյա, սեպի պես թռիր-գնա» և «Մենք ոչ երամ ենք, ոչ էլ նախիր»:

 

Ներկայիս ակցիան անց է կացվում Ժողովրդավարության միջազգային օրը:

Այս ակցիային նվիրված երթեր են անցկացվել նաև Վլադիվոստոկում, Չիտայում ու Աբականում՝ մի քանի տասնյակ մասնակիցներով: