Հունգարիան պետք է գործնական քայլեր ձեռնարկի և Ալիևին «պերսոնա նոն գրատա» հայտարարի. Քաղաքագետ

14:21 • 15.09.12

Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվի իշխանություններին արտահանձնելու հետ կապված միջազգային հանրության հնչեցրած քննադատությունները զուտ հայտարարություններ են, պրակտիկ քայլ չկա. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը:


Ավելին, ըստ նրա, այդ հայտարարությունները հիմնականում ադրբեջանական իշխանություններին էին ուղղված, իսկ բուն ԵՄ անդամ Հունգարիային ուղղված գրեթե ոչ մի խոսք չի ասվում. «Չեմ կարծում, թե կարելի է հայտարարությունների մեջ գործողություն փնտրել»,- ասաց նա:

 

Հունգարիայի իշխանությունների հայտարարությունը, թե արտաքին քաղաքականության մեջ իրենց հիմնական աշխատանքն է լինելու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, քաղաքագետի համոզմամբ՝ ոչ մի արժեք չունի:



«Հունգարիան դարձավ լարվածության լրացուցիչ պատճառ, ուստի եթե ցանկանում է իսկապես վերականգնել հարաբերությունները՝ պետք է կատարի գործնական քայլեր»,- ասաց նա և ավելացրեց, որ հայկական կողմն էլ՝ սփյուռքի կառույցների միջոցով, իր հերթին պետք է հուշի սեփական ակնկալիքնները հունգարական կողմից:


Այս տեսանկյունից նա հայկական սփյուռքի քայլերը՝ Հունգարիայի դեսպանատան մոտ աշխարհի տարբեր երկրներում, համարժեք է համարում, սակայն նրա խոսքով՝ բողոքի ակցիաները նվազագույն անհրաժեշտ քայլերն են:

 

«Հունգարիայից պետք է պահանջել ոչ միայն դժգոհություն արտահայտել, այլ պետք է պահանջել, որ նախ Ադրբեջանը վերադարձնի Ռամիլ Սաֆարովին, քանի որ, ըստ պայմանավորվածության՝ նա պետք է պատիժը կրեր նաև Ադրբեջանում, ինչպես նաև, հունգարական կառավարությունը «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) պետք է հայտարարի Ալիևին»,-ասաց նա:

 

Միաժամանակ նկատեց, թե պետք էլ չէ ակնկալել, որ Ադրբեջանն իր որոշումը կփոխի և Սաֆարովը բանտում կհայտնվի. «Այն դեպքում, երբ բանտ նստելն էլ հարաբերական է, քանի որ հունգարական բանտից հետո Սաֆարովի արտաքին տեսքը՝ գիրանալը, ցույց է տալիս, որ անազատությունն այնքան էլ նրան չի մտահոգել»:


Նարեկ Գալստյանը նշեց, որ Սփյուռքի ներուժը մեծ է, սակայն կազմակերպվածության խնդիր կա. «Այսօր չգիտենք, թե Հայաստանն ի՞նչ է ուզում: Հստակ նպատակներ պետք է սահմանվեն, առաջնահերթություններ նշվեն և քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ»,- ասաց նա և ավելացրեց, որ միջազգային սուր քննադատություններից Հայաստանը բավական շատ միավորներ հավաքել է, մնում է հասկանա, թե ի՞նչ ուղղությամբ պետք է այդ միավորներն օգտագործի: