Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է իր փոխարեն նախագահի թեկնածու առաջադրի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին. Լևոն Շիրինյան

11:26 • 15.09.12

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տալիս առաջիկա նախագահական ընտրություններին չառաջադրել սեփական թեկնածությունը, այլ գտնել ֆավորիտ և անպայման ունենալ «իսկական երկրորդ թեկնածու»: Ըստ նրա՝ միայն այդ դեպքում հնարավոր է Հայաստանը դուրս բերել լճացումից:

 

«Քաղաքագիտության մեջ կա «զենիթի» հասկացություն, ժողովրդին ընկալելու իմաստով իր կուլմինացիան առաջին նախագահն անցել է և առաջադրվելու դեպքում ինքն իրեն կվնասի: Անհրաժեշտ է գտնել մեկին, որի շուրջը համախմբվել է պետք՝ հասկանալով, որ մուտիլովկաներ շատ են լինելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:



Ըստ նրա, Հայաստանում հասունացել է իշխանափոխության պահանջը. «Պետք է ժողովրդին հասկանալի, մաքուր կենսագրությամբ, ո՛չ ՀՀՇ-ից, և ո՛չ էլ բոլշևիկներից, մեկին գտնել և համախմբվել նրա շուրջ, և կարծում եմ այդպիսին կգտնվի»:

 

Քաղաքագետի համոզված է, որ այդպիսի թեկնածու հնարավոր է և պետք է գտնել, ավելին՝ նույնիսկ այդ առումով իր առաջարկն ունի ՀՀ առաջին նախագահին. «Հրապարակումներից եզրակացնելով, ես կառաջարկեի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով՝ իմ պատկերացմամբ, հարմար թեկնածու է: Պետք է հաշվի առնել, որ նա նաև «Գազպրոմ»-ում է աշխատում(թերևս նկատի ունի ռուսական «Գազպրոմբանկը», որտեղ այժմ աշխատում է Կարեն Կարապետյանը – Tert.am): Մենք պետք է ունենանք մի քաղաքական գործիչ, ով իր ուղեղի մեջ Հայաստանն ընկալում է ոչ թե միայն 29 000 քմ կմ տարածքով, այլ Արցախն էլ հետը, և գիտակցելով համաշխարհային գործընթացները՝ աղտոտված չէ»,- ասաց նա:



Քաղաքագետը չի կարողանում հասկանալ, թե ինչու ենք անընդհատ պտտվում երեք նախագահների եռանկյունու շուրջ, այն դեպքում, երբ «Հայաստանի արգանդը չի չորացել»:

 

«Եվ ընդհանրապես, մեր քաղաքական գործիչների 90%-ը, ժարգոնային լեզվով ասած, դախացած են: Մոդեռնիզացիայի տեսություն կա, հենց այդ մոդեռնիզացիայի հստակ քաղաքական ծրագրով պետք է շարժվել, այլ կերպ Հայաստանի լճացումը չի կարելի հաղթահարել»,- նշեց նա և ավելացրեց, որ հակառակ դեպքում դուրս ենք մնալու համաշխարհային գործընթացներից:


«Մենք փակվել ենք մեր 30 000 կմ տարածքի մեջ և վտանգը չենք զգում, մինչդեռ Թուրքիան ակտիվանում է: Պետք է տեսնել, թե ինչ է կատարվում Վրաստանում, ինչ է կատարվում Թուրքիայում, ոնց է ակտիվանում քրդական շարժումը, ոնց է մեծանում Իրանի շուրջ լարվածությունը և այլն: Սա մեզ բան չի՞ հուշում: Համարժեք պատասխան է պետք, իսկ խանդը և անձնական շահը պետք է մի կողմ դնել»,-ասաց քաղաքագետը:

 

Ինչ վերաբերվում է նախագահի թեկնածուների հնարավոր առաջադրումների մասին ընդդիմության առանձին թևերից, արդեն իսկ, հնչող հայտարարություններին, այս առնչությամբ Լևոն Շիրինյանն ասաց. «Նրանք անպայման կլինեն՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Վահան Հովհաննիսյան, Դավիթ Հակոբյան, Պարույր Հայրիկյան, այդ շարքն անվերջ կարելի է թվել, բայց հասկանալի է, որ նրանք իրենց բաժինն են ուզում: Նրանցից ոչ մեկը ֆավորիտ չի դառնա, և դա միանշանակ է, բայց նրանք պետք է առաջադրվեն, որպեսզի իրենց բաժինը ստանան: Միևնույնն է, մեկը պետք է, որ ժողովրդին ընկալելի լինի և բում առաջացնի: Դրանցից ոչ մեկ թող հույս չունենա, որ ինքն է այդ բումն առաջացնելու և ֆավորիտ դառնալու, դրա փոխարեն լավ է կլինի մտածեն, որ գործող նախագահը բոլորին ջախջախելու է»,- ասաց Լևոն Շիրինյանը:

 

Վերջում քաղաքագետը հավելեց, որ վերը առաջ քաշած առաջարկի համար շատ ժամանակ չկա, ուստի պետք է շտապել. «Մինչև հոկտեմբերի 10 պետք է գտնել նախագահի այլընտրանքային թեկնածուի, գուցե այդ այլընտրանքային թեկնածուն էլ չհաղթի ընտրություններում, բայց արդեն հաջորդ ընտրությունների դեպքում Հայաստանը լճացումից դուրս գալու շանս կունենա: Սա շատ կարևոր է»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը:

 

Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի