Արագածից գլորված քաղաքացու վիճակը միջին ծանրության է. նրա հետ եղել է ևս 4 մարդ

11:06 • 16.09.12

Արագած լեռան հարավային գագաթ երեկ ահազանգով մեկնած Արտակարգ իրավիճակների փրկարարական խմբի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Վրաստանի հանրապետության քաղաքացիներ` 1993 թ. ծնված Հ. Ստեփանյանը, 1991 թ. ծնված Ն. Անատոլյանը, Գերմանիայի Հանրապետության քաղաքացի` 1953 թ. ծնված Անգելա Սմիթը, 1995 թ. ծնված Լ. Առաքելյանը և 1993 թ. ծնված Տ. Ջանիկյանը:


Այս մասին Tert.am–ին հայտնեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ բաժնից:


Փրկարարները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած Հ. Ստեփանյանին պատգարակով մոտ 2 կմ տարել և հանձնել են դեպքի վայր ժամանած շտապ բուժօգնության աշխատակիցներին: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:


Հիշեցնենք, որ երեկ ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագած լեռան հարավային գագաթից Հ. Ստեփանյանը գլորվել է և չի կարողանում ինքնուրույն շարժվել: