Ֆրանսուա Օլանդը ֆրանսիացիներին հրավիրել է Ելիսեյան պալատ և 1.5 ժամ ման տվել

21:09 • 16.09.12

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախագահական նստավայրում՝ Ելիսեյան պալատում, հյուրընկալել է բազմաթիվ ֆրանսիացիների, հայտնում է gazeta.ru-ն: Պալատի դռները բացվել են երկրում անցկացվող Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում:

 


Ողջունելով այցելուներին՝ Օլանդն ընդգծել է, որ նախագահական նստավայրը ողջ ժողովրդի սեփականությունն է, իսկ իրենք (նախագահները)՝ ընդամենը ժամանակավոր բնակիչներ են:


«Ֆրանսիացիները երկար էին սպասել այս առիթին, քանի որ նրանցից շատերը ցանկանում էին ծանոթանալ տարածքին, լինել բազմաթիվ սենյակներում, որոնք նրանք տեսնում են միայն հեռուստացույցով»,-ասել է նա:

 


Նախագահին ուղեկցել է նրա ընկերուհին՝ Վալերի Թրիերվեյլերը: Նրանք մոտ 1.5 ժամ զրուցել են քաղաքացիների հետ, ինքնագրեր բաժանել և լուսանկարվել:


Ելիսեյան պալատն այս հանգստյան օրերին մեծ հեղինակություն է վայելում փարիզցիների ու մայրաքաղաքի հյուրերի շրջանում: Պալատում հայտնվելու ցանկություն են հայտնել հազարավոր մարդիկ, ինչի համար նրանք ստիպված են եղել ժամեր շարունակ հերթ կանգնել: