Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակն ապստամբների հետ խոսել է Skype-ով
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին բանակցություններ է վարել սիրիացի ապստամբների հետ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) գնդապետ, Հալեպում այսպես կոչված՝ ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ջաբար ալ-Օքաիդիին: Ըստ նրա՝ երկխոսությունը կայացել է Skype սերվիսի միջոցով:
«Խոսակցությունը կայացել է պարոն Բրահիմիի, ՍԱԲ գնդապետներ Քասեմ Սաադեդինի, Խալեդ Հոբուսի և իմ միջև»,- ասել է բանակի գնդապետը:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են, մասնավորապես, «Սիրիայում տիրող ընդհանուր վիճակը»: Նա կարծիք է հայնել, որ ՄԱԿ-ի նոր հատուկ պատվիրակի առաքելությունը, ինչպես Քոֆի Անանի դեպքում (ՄԱԿ-ի նախորդ հատուկ պատվիրակը), դատապարտված է անհաջողության: Նա հավելել է, որ այդ դեպքում ապստամբները պատասխանատվություն չեն կրի:
Լախդար Բրահիմին շաբաթ Դամասկոսում հանդիպում է ունեցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, որի ժամանակ քննարկվել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները:










