Սպանությունը ներելով՝ Ադրբեջանն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում. Ուկրաինայի ԳԱԱ անդամ
Մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով՝ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա: Այս մասին Analitika.at.ua-ին ասել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, հայտնի ուկրաինացի գիտնական Միրոսլավ Պոպովիչը:
«Ես չեմ հասկանում Ադրբեջանի ղեկավարության տրամաբանությունը, և կարծում եմ, որ միայն ես չեմ այդպես մտածում»,- ասել է գիտնականը:
Նա հույս է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունների այս քայլը չի հանգեցնի ղարաբաղյան հակամարտության սրման:
«Ես չէի ցանկանա որևէ բաղադրատոմս առաջարկել, թե ինչպես լուծել առկա տարաձայնությունները, սակայն մեկ բան հաստատ կարող եմ ասել՝ բացարձակապես անընդունելի է սպանության խրախուսումը: Հակամարտությունը պետք է լուծել ընդունված մարդկային արժեքների հիման վրա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հունգարիան Բաքվին էր արտահանձնել հայ սպային սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որտեղ էլ նրան ներում էր շնորհվել:










