Սիրիայի Հայ Առաքելական եկեղեցին դատապարտել է հակաիսլամական ֆիլմը և հիասթափություն հայտնել Հռոմի պապի այցից
Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդներն իրենց հիասթափությունն են հայտնել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի Լիբանան կատարած պատմական այցից: Տարածաշրջանի քրիստոնյաներն ասել են, որ հույս ունեին ավելի համակողմանի իրենց խնդիրները ներկայացնել Հռոմի պապին, հայտնում է Hurriyet-ը:
«Հոգևոր առաջնորդները ծրագրում էին քրիստոնյա համայնքների ներկայիս վիճակն ու Սիրիայում առկա մեծ լարվածությունը պոնտիֆիկոսի օրակարգ մտցնել, սակայն հիմնականում դա նրանց չի հաջողվել», - գրում է պարբերականը:
Լիբանանի հույների համայնքի ղեկավարից բացի, իր դժգոհությունն է հայտնել նաև Հալեպի Հայոց ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ նշելով, որ հայերի ընդունելությունը Հռոմի պապի մոտ սահմանափակ է եղել:
Ռեիսյանը հակաամերիկյան տրամադրությունների ու ողբերգությունների պատճառ դարձած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը «խայտառակ» է անվանել: Նա ասել է, որ ֆիլմը բռնություննեևրի պատճառ կդառնա տարածաշրջանում: Ըստ Ռեիսյանի՝ Սիրիայում վտանգված են ոչ միայն քրիստոնյաները, այլև մուսուլմանները:
Սիրիահայ քրիստոնյա համայնքի մասին խոսելով՝ Ռեիսյանը նշել է, որ նրանք պետք է մնան տարածաշրջանում: «Որպես սիրիահայեր՝ մենք երբևէ որևէ հակամարտության չենք մասնակցել, որում եղբայրները միմյանց արյուն են թափում և երբեք չենք մասնակցի: Մենք հույս ունենք, որ տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի»,- ասել է նա:










