Հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքի ցույց՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մոտ (լուսանկարներ)
Հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիա է անցկացվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մոտ: Ինչպես հայտնում է Кавказский узел-ը, ակցիային մասնակցել է մոտ 50 մարդ:
Ակցիայի մասնակիցներն «Ալլահ աքբար!» վանկարկելով մոտեցել են դեսպանատանը, որտեղ նրանց կանգնեցրել են ոստիկանները:
Մոտ 30 մարդ ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք: Նրանք ներկայացել են որպես «հավատացյալներ»:
«Մենք պարզապես հավատացյալներ ենք, ովքեր այցելում են մզկիթներ: Մենք ինքներս ենք պայմանավորվել բողոքի ակցիա անցկացնել: Իսլամին և Մուհամադ մարգարեին ուղղված վիրավորանքն անթույլատրելի է: Այն մարդիկ, ովքեր նկարահանել են այդ պիղծ ֆիլմը, պետք է պատժվեն»,- լրագրողներին ասել են ակցիայի մասնակիցները:
Ադրբեջանի իսլամական կուսակցությունը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի այդ ակցիայի հետ:










