Սերժ Սարգսյանը բարձրացրեց այն հարցերն ու թերացումները, որոնց մասին 5 տարի է ասում եմ. Հրանտ Բագրատյան
Սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը բարձրացրեց այն հարցերը և խոսեց այն թերացումներից, որոնց մասին 5 տարի է ասում եմ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հավելելով. «Գուցե գիտե՞ր, բայց մինչև հիմա չէր ասում, գուցե չգիտե՞ր՝ նոր իմացավ»:
Հրանտ Բագրատյանը չի կարող ասել, թե ինչո՞ւ հիմա Սերժ Սարգսյանը ընտրեց այդ ամենն ասելու ժամանակը, բայց հասկանում է, թե դրանով ի՞նչ նկատի ուներ. «Սրանով Սերժ Սարգսյանը Կառավարությանը հասկացրեց՝ ինձ ձեզ հետ մի նույնացրեք. ինչպես մայիսին 6-ի ԱԺ ընտրություններին էր նա միայնակ գնում, որպեսզի իրեն չնույնացնեն ՀՀԿ-ի հետ»:
Հրանտ Բագրատյանը նաև վստահ չէ, թե դա նախագահի կողմից 2013 թ. նախագահական ընտրություններից առաջ մտածված քա՞յլ էր, թե՞ ոչ. «Միանշանակ չէի ասի, բայց կարելի է նաև այդպես պարզաբանել»:
Նախկին վարչապետը չգիտի, թե ներկայիս վարչապետի փոփոխության հարց կլինի՞, թե՞ ոչ. «Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իր (Տիգրան Սարգսյանի-Tert.am ) ասածներին ինքը չի հավատում: Դե, այդպես հասկացրեց, բայց կփոխի՞, թե՞ չէ, պետք է Սերժ Սարգսյանի հետ փորձեք զրուցել»,- եզրափակեց նա:










