Չինաստանում ճապոնական դպրոցներն ու ձեռնարկությունները դադարեցրել են աշխատանքը

10:33 • 17.09.12

Չինաստանում հակաճապոնական տրամադրություններն ու անկարգությունները ստիպել են Ճապոնիայի իշխանություններին դադարեցնել Չինաստանում դպրոցների ու ձեռնարկությունների աշխատանքը, հայտնում է NHK հեռուստաալիքը: Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, հանգստյան օրերին հակաճապոնական բողոքի ցույցեր են անցկացվել չինական 85 քաղաքներում:

 

Պեկին և Հուանչժոու քաղաքներում ճապոնական դպրոցները փակվել են նվազագույնը 2 օրով: Ցուցարարների հարձակմանն են ենթարկվել Panasonic ընկերության 3 գործարաններ: Ընկերության ղեկավարությունը երկուշաբթին և երեքշաբթին հայտարարել է հանգստյան օրեր:

Նման որոշում է ընդունել նաև Canon ընկերության ղեկավարությունը: Ճապոնական բազմաթիվ սուպերմարկետներ ու խանութներ նույնպես դադարեցրել են աշխատանքը:

 

 

Հաղորդվում է, որ Չինաստանում բնակվող ճապոնացիները ժամանակավորապես լքում են երկիրը:

 

Երկու երկրների հարաբերությունների սրման պատճառը Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիներն են: Նախորդ շաբաթվա սկզբին Ճապոնիան հայտարարել է կղզիներից 3-ը գնելու մտադրության  մասին: