Թափված պաստառներից կռահել են, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը (լուսանկարներ)

14:01 • 17.09.12

«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 15-ին շարժման իրականացրած «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով համահայաստանյան մաքրման աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, ինչը հարկ է, որ ստանա իր արժանի արձագանքը թե՛ հանրության, թե՛ պետական մարմինների կողմից:


Հաղորդագրության համաձայն, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքում, իրականացրել են մաքրման աշխատանքներ:


Եվ երբ մասնակիցներն ավարտել էին մաքրման աշխատանքներն ու պատրաստվել վերադառնալ, հնավայրին է մոտեցել մի մեքենա և մաքրած տարածք է նետել պարկերով գործարանային աղբը:


Երիտասարդների կոչերին՝ չաղտոտել մեր պատմամշակութային վայրը, աղտոտողները չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Երիտասարդները թափված պաստառներից կռահել են, որ աղբը պատկանում է «Էլնոր» ընկերությանը (կից ներկայացնում ենք լուսանկարները):


«Մենք կարող ենք» շարժման մասնակիցները դիմում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ քայլեր ձեռնարկել այս միջադեպի մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև, կանխել Երևանի տարածքում գտնվող այս բացառիկ պատմամշակութային վայրը աղբավայրի վերածելու գործընթացը: Շարժման անդամները դիմում են նաև «Էլնոր» ընկերությանը՝ այս միջադեպի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ տալու պահանջով: