HRW-ը մեղադրում է սիրիացի ապստամբներին խաղաղ բնակիչներին կտտանքների ենթարկելու և սպանելու մեջ
Human Rights Watch (HRW) կազմակերպության իրավապաշտպանները սիրիացի ապստամբներին մեղադրում են խաղաղ բնակիչներին սպանելու մեջ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունը:
Կազմակերպությունն ունի փաստացի տվյալներ բռնության կիրառման ավելի քան 10 դեպքի վերաբերյալ, որոնք հանգեցրել են մահվան:
Փրկվածները բողոքել են, որ ապստամբները ծեծել են գերիներին՝ փայտերով հարվածելով ոտքերին: Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները բառացիորեն «դուրս են քաշել» մարդկանցից խոստովանական ցուցմունքներ հանցագործություն կատարելու վերաբերյալ, որոնց հետ նրանք իրականում առնչություն չեն ունեցել:
«Ընդդիմադիր խմբերի հայտարարությունն այն մասին, թե իրենք ցանկանում են պահպանել մարդու իրավունքները, շատ կարևոր է, սակայն այդ խոսքերի ապացույցը կախված է այդ ուժերի վարքից» ,- հայտարարել է HRW ներկայացուցիչ Նադիմ Հուրին:
Իրավապաշտպանները կոչ են անում ընդդիմադիր առաջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել բռնություններն ու մարդկանց ծաղրուծանակի ենթարկելը դադարեցնելու ուղղությամբ:










