Հայերին սատարելուց հետո Ժիրինովսկին դարձել է ադրբեջանցի պաշտոնյաների «աչքի փուշը»

12:46 • 17.09.12

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա բարեկամությունը չի կարող խաթարվել Ժիրինովսկսու խելառ մտքերի պատճառով:  Նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը՝ ըստ Salam News-ի:

 

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ ՌԴ Պետդումայի անդամ Վլադիմիր Ժիրինովսկու «իսկական դեմքը երևացել է սեպտեմբերի 14-ին Մոսկվայում», երբ նա մասնակցել է Սաֆարովի գործի դեմ Ռուս-հայկական ընկերակցության կազմակերպած բողոքի ցույցին:

 

Ասկերովի խոսքով՝ «Ժիրինովսկին ոչ միայն խեղկատակ է, այլև գիշատիչ, որը մարդկանց արյուն է ուզում» (չնայած ազերիներն իրենք էին խոստացել այդ օրը «հայի արյուն թափել»):

 

Հայկական նախաձեռնությանը սատարելու համար Ժիրինովսկին մեղադրվում է «ռուս-ադրբեջանական բարեկամության դեմ անբարո հայտարարություններ» անելու համար: Հաջորդիվ աղբյուրը ստանձնում է Ժիրինովսկուն «ջրի երես հանելու» գործը: Ադրբեջանցի պաշտոնյան Ժիրինովսկուն վերագրել է «ոչ միայն Հայաստանին աջակցելու, այլև ահաբեկչության նոր ալիքի կոչ», ինչ է թե Ռուսաստանին կոչ է արել S-300 և S-400 հրթիռներ տրամադրել Հայաստանին, իսկ ՀՀ բանակը դարձնել ամենահզորը Հարավային Կովկասում: