Իրանական միջուկային խնդրի հաղթահարման համար դեռ բավարար ժամանակ կա. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ համաշխարհային հանրությունը դեռ բավարար ժամանակ ունի իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծման համար, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ արդեն մոտակա 6 ամիսների ընթացքում Իրանը կմոտենա միջուկային զենք ստեղծելու հնարավորությանը, և դիմել էր ԱՄՆ-ին խնդրելով աջակցել դա կանխարգելելու հարցում:
«Ես ամերիկյան հետախուզությունից նոր տվյալներ չունեմ (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ): Եթե Իրանը դուրս գա ներկայի սահմանափակումներից և փորձի միջուկային զենք ստեղծել, ապա այդ մշակման համար մոտ մեկ տարի կպահանջվի: Դա հարց է, որը մենք մանրազննին ուսումնասիրում ենք և որին հետևում ենք, Օբաման հավատում է, որ դիվանագիտության ժամանակը դեռ չի ավարտվել», - ասել է Սպիտակ տան մամլո քարտուղարը:










