Աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորովստովսկու համերգը կղեկավարի Կոնստանտին Օրբելյանը

15:43 • 17.09.12

Լիտվայի երկրորդ խոշոր քաղաք Կաունասի հանրահայտ «Ժալգիրիս» մարզահամալիրում սեպտեմբերի 29-ին ակադեմիական երաժշտության սիրահարներին միանգամից 2 անակնկալ է սպասվում. աշխարհի ամենագեղեցիկ բարիտոններից մեկի`  Դմիտրի Խվորոստովսկու համերգի ընթացքում Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հայազգի տաղանդաշատ երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը:

 

Այս մասին տեղեկացնում է obzor.lt կայքը` նշելով, որ երգչի համերգային երգացանկում ներառված կլինեն Վերդիի, Բելինիի, Վագների, Ռուբենշտեյնի, այլ հռչակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսական ռոմանսներ և նեապոլիտանական երգեր:

 

Խվորոստովսկին և Օրբելյանը Լիտվա կժամանեն համերգից 3 օր առաջ, որպեսզի բավականաչափ ժամանակ տրամադրեն նվագախմբի հետ փորձերին` հանդիսատեսին անմոռանալի երեկո պարգևելու համար:

 

Երաժշտական շրջանակներին քաջ հայտնի Օրբելյանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ)` հայ ներգաղթյալների ընտանիքում: Նրա տաղանդն ի հայտ է եկել դեռ մանկուց. արդեն 4 տարեկանում փոքրիկ Կոնստանտինը սկսել է դաշնամուր նվագել սովորել քաղաքի կոնսերվատորիայի մանկական բաժնում:

 

Բացառիկ տաղանդն ու աշխատասիրությունը վերջիվերջո արել են իրենց գործը. 6 տարեկանում նա հաղթող է ճանաչվել Բախի անվան դաշնամուրի մրցույթում, իսկ 3 տարի անց հանդես է եկել առաջին մենահամերգով:

 

Իսկ 11 տարեկանում կայացել է Օրբելյանի դեբյուտը Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում ` քաղաքի նվագախմբի հետ միասին: Դրանից հետո համաշխարհային մամուլն ուղղակի «հեղեղվել» է  փոքրիկ հրաշամանուկի ապշեցուցիչ հաջողության վերաբերյալ արձագանքներով:

 

2003թ.-ին Կոնստանտին Օրբելյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում: