Ֆրանսահայերը Ալիևին կապացուցեն, թե ով է նա, ինչ է Ադրբեջանը

20:37 • 17.09.12

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Փարիզ այցի կապակցությամբ տեղի հայ համայնքը Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց սեպտեմբերի 18-ին կկազմակերպի բողոքի ցույց, որի ժամանակ ցուցարարները կասեն, թե ով է Ալիևը, ի՞նչ է Ադրբեջանը, և թե ինչո՞ւ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:


Սպասվող փարիզյան ցույցի մանրամասների մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ «Մենք դա կապացուցենք լրագրողների ներկայությամբ, Կառավարության մոտ, նախագահի մոտ»,– ասաց նա:


Ցույցի կազմակերպիչներն ակնկալում են հզոր հանրահավաք՝ 3-4 հազ. մարդու մասնակցությամբ։ «Զգում ենք, որ կա պահանջ, քանի որ զայրացած է հայ համայնքը»,- ասաց Մուրադ Փափազյանը:


«(Ռամիլ Սաֆարովի – Tert.am) ներման շնորհումը, որ արվել է Ադրբեջանի նախագահի կողմից այս ոճրագործին, բարբարոսության և հայատյացության պարզորոշ խրախուսանք է»,– Մուրադ Փափազյանը մեջբերեց Ֆրանսիայի հայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարածած հայտարարությունից մի հատված։


Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են ոչ միայն հայ համայնքի, այլև Ֆրանսիայի հասարակության ներկայացուցիչների՝ մտավորականության ու քաղաքական շրջանակների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:


Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մյուս համանախագահ Արա Թորանյանն էլ հավելեց, որ. «Ֆրանսիացի երեսփոխաններ ևս պետք է մասնակցեն ցույցին, կարծեմ որ, Պատրիկ Դևեջյանը ևս պիտի գա»:


Հիշեցնենք, որ ֆրանսիացի քաղաքական գործիչ, աջակողմյան Ժողովրդական շարժման միության անդամ Պատրիկ Դևեջյանը հայտնի է որպես Ֆրանսիայի նախկին նախագահի հիմնական գաղափարակից:


Ինչևէ, ակցիային կմիանան նաև Լիոնի և Մարսելի հայկական կազմակերպությունները, որոնք կկազմակերպեն տեղի հայերի տեղափոխումը Փարիզ։


Հիշեցնենք, որ «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեին, հաղորդել էր, որ Իլհամ Ալիևի այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և այլ պաշտոնյաների հետ:


Այս հանդիպումների շրջանակներում քննարկվելու է նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցը, նախատեսված է հանդիպում ֆրանսիացի շրջանակների հետ, թեև Իլհամ Ալիևի այցի բուն նպատակը Լուվրի թանգարանում իսլամական արվեստին նվիրված ցուցահանդեսի բացմանը ներկա լինելն է:

 
Լուսանկարը՝ armenpress.am-ից